Նորամուծություն` ԱԺ-ում

ԱՆՎՃԱՐ ԿԱՇԽԱՏԵ՞Ն ՀԻՆԳ ՏԱՐԻ

Հայաստանի արտաքին  քաղաքականության մարտահրավերների վերաբերյալ միասնական օրակարգի ձևավորման համար   գիտական սեկտորի ներուժը ևս պետք է օգտագործել: Այդ նպատակով ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովը,  հանձին նախագահ Արմեն Աշոտյանի, որոշել է նորամուծություն կատարել:  Եվս մեկ հասարակական խորհուրդ` այս անգամ վերոնշյալ հանձնաժողովին կից:
 
Կազմը բազմազան է ու ներկայացուցչական` էքս-պաշտոնյաների համախմբմամբ. պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան, վերլուծաբան, նախկին պատգամավոր, Արմեն Աշոտյանի մտերիմ ընկեր Ստյոպա Սաֆարյան, Ջոնի Մելիքյան: Իհարկե, հանձնաժողովում այլոք ևս կընդգրկվեն: 
 
Ինչպես ասել է հանձնաժողովի նախագահը՝  անալիտիկ այս խորհուրդը կօգնի՝ ճիշտ ձևակերպել արտաքին քաղաքական մարտահրավերներն ու հարցերը: 
 
Ինչ խոսք, լավ է որ  նման խորհուրդ  է ձևավորվում, ավելին` դրա պահանջարկը կար վաղուց: Բայց արդյո՞ք հասարակական հիմունքներով այն արդյունավետ կաշխատի. այն էլ՝ հինգ տարի: Այս առումով հանձնաժողովականների ջանադրության նկատմամբ թերահավատները, որպես անհաջող  խորհուրդների օրինակ` մատնանշում  են Հանրային խորհուրդն ու ավագանու ինստիտուտը: 
 
Այո, քաղգործիչների ու պետական պաշտոնյաների ամեն նախաձեռնության հանդեպ թերահավատությունը մեր հասարակության մշտական ուղեկիցն է դարձել: Նույնիսկ դրականը նշելով՝ մարդիկ կասկածներ են հնչեցնում դրա օգտակարության մասին: Կասկածամտությունն անառողջ հարաբերությունների և հաճախակի խաբվելու արդյունք է, որի մեղավորը հասարակությունը չէ: 
 
Ո՞վ գիտե, գուցե հենց այս խորհուրդն՝ իր հանրօգուտ գործունեությամբ ցրի բազմաց թերահավատությունը: Մաղթում ենք, որ այդպես լինի: