Ոմն Բարդուղ Գալստյան ներկայանում է որպես ՌԱԿ անդամ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Առաջիկա սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալու է խորհրդարանի մասնակի՝ մեծամասնական կարգով թափուր տեղի համար ընտրություն, որին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ մեկ տասնյակ թեկնածուներ, որոնց թվում՝ ոմն Բարդուղ Գալստյան, որը թեև թեկնածուների ցուցակում գրանցվել է այլ կազմակերպության անունով, սակայն հանրությանը ներկայանում է որպես Ռամկավար Ազատական կուսակցության անդամ և նախընտրական պլակատներում օգտագործում է ՌԱԿ խորհրդանշաններն ու անունը:
 
ՌԱԿ Կենտրոնական վարչությունն իր պարտքն է համարում սույն հայտարարությամբ ԼՂՀ իշխանություններին և ի մասնավորի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրության հանձնել այն պարագան, որ վերոհիշյալ անձը չի հանդիսանում և չի հանդիսացել Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, հետևաբար իրավունք չունի օգտագործելու  կուսակցության անունն ու խորհրդանշանները:
 
Այս առիթով պարտք ենք համարում հիշեցնել նաև, որ ՌԱԿ-ը ԼՂՀ տարածքում չունի կազմակերպական ներկայություն և, հետևաբար, գրանցված չէ:
 
Միաժամանակ ցանկանում ենք տեղյակ պահել ՌԱԿ Սփյուռքի կառույցներին և անհատ ընկերներին, որ վերոհիշյալ անձը, որը քանիցս ապացույցն է տվել իր խարդախ նկարագրի, ուղղակի թե միջնորդավորված ձևով այս օրերին խնդրագրեր է ներկայացնում նյութական օգնություն ստանալու նպատակով, իբր նախընտրական ծախսերի համար, ինչը, բնականաբար, արտոնված չէ և համարվում է հանցագործություն: Հորդորում ենք Սփյուռքի մեր ընկերներին զերծ մնալ հանցագործությանը սատարելուց:
 
                                    
                                           Կենտրոնական Վարչություն
Երևան, 7 օգոստոսի 2018թ.