Ավագանու ընտրությունը՝ չկեղծվող քվեարկության նախադուռ

Երևանի քաղաքապետի պաշտոնն, ակներևաբար, գայթակղում է ձևավորվելիք քաղաքական դաշտում իրենց տեղն ամրապնդել կամ նորից տեղ զբաղեցնել ձգտող քաղուժերին:
 
Առայժմ 4-5 կուսակցություն է իր մասնակցության վճռականություն հայտնել: «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Երկիր ծիրանին» արդեն հրապարակել են իրենց թեկնածուների անունները: Եվս մեկի թեկնածուի անունն է հրապարակվել՝ ՀՀՇ-ից՝ Արարատ Զուրաբյանի, սակայն նրան առաջադրողը կարծես դարձյալ ԲՀԿ-ն է, որին անդամակցում է Երևանի Կենտրոն համայնքի երբեմնի թաղապետը: Այսօրինակ առաջադրումն, իհարկե, տարակուսելի է, սակայն ՀՀՇ-ն, երևի, դեռ կհրապակի իր կարծիքն ու ցուցակը՝ եթե նույնիսկ որոշվի, որ ավագանու ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ հետ դաշինքով:
 
«Ելք» դաշինքը ևս ծանուցել է իր մասնակցության մասին, բայց արդեն հավանաբար երկու ուժերի դաշինքով:
 
Գայթակղությունը՝ գայթակղություն, սակայն Երևանի ավագանու ընտրությունը կարող է նաև գայթաքար դառնալ թեկնածուների և նրանց առաջադրող ուժերի համար:
 
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի թեկնածությունը բավական երկար քննարկվեց ու գերազանցապես քաղաքապետի պաշտոնում նրա անընկալելիության տեսանկյունով: Սակայն այս թեկնածուի առաջադրումը ոչ միայն թիմի անվերապահ վստահությունն է Հայկի հանդեպ, այլև շատ նուրբ մի տողատակ ունի՝ այո, կինոաշխարհի ներկայացուցիչն էլ կարող է մայրաքաղաք կառավարել՝ եթե աչք չտնկի քաղաքապետարանի բյուջեին ու չմսխի այն անձնական շքեղ կյանք ապահովելու, միայն մերձավորներին կուշտուկուռ պահելու համար:
 
Որքան տարակուսելի էր Հայկ Մարությանի առաջադրումը, նույնքան ընկալելի պիտի լինի այս ենթատեքստը. նա՝ Տարոնի, իսկ նրա թիմը նախորդ իշխանությունների ախորժակը դժվար թե ունենան: Ավելին, Հայկ Մարությանը քաղաքապետությունը պաշտոն չի համարում: Ասել է թե՝ ինքը գալիս է ծառայելու, այլ ոչ թե վայելելու: Ի սկզբանե պաշտոն կոչվածի այս պարտականությունը ևս մեզանում աղավաղվել է այնքան, որ այդ բառը դարձել է չարաշահումի, թալանի, ժողովրդի հաշվին հարստանալու հոմանիշ:
 
Մեծ է Երևանի ավագանիում մեծամասնություն ձևավորելու ԲՀԿ հավակնությունը: Գ. Ծառուկյանի՝ 50+1 քվե վաստակելու ցանկությունը չիրականացավ ԱԺ ընտրություններում, որին հաջորդած ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն ընդհանրապես չմասնակցեց: Իսկ այսօր կուսակցության ներսում ինչ-որ անառողջ քլթքլթոց է նկատվում: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը ևս այդ է հուշում:
 
- ...գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին,- անթաքույց վրդովմունքով գրում է նա՝ արհամարհանքով հավելելով, թե՝
 
- Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար…
 
Նրա տողերից դատելով՝ ներկուսակցական խմորումներ կան Ն. Զոհրաբյանի թեկնածության շուրջ. 
 
- ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր (հանկարծ ինձ նկատի չունենաք, դա իմ տեղը չէ, իսկ այլ անուններ էլ չեմ տալիս, որ նրանց կրակը չգցեմ), ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում… Բայց, զոռբա չլինելու հանգամանքը կանխեց նրանց լեգիտիմ ակնկալիքը…
 
Ավելորդ է ասել, որ այսպիսի տրամադրությունները հակաքարոզչություն են դառնալու նախընտրական քարոզարշավում: Հավանաբար այնքան էլ հիմնազուրկ չեն այն կարծիքները, որ ԲՀԿ-ում ևս «թռիչքային» տրամադրություններ կան. թռիչք՝ կուսակցությունից հեռանալու և ավելի հեռանկարային այլ թիմում վայրէջք կատարելու: Մի խոսքով՝ ԲՀԿ համար 50+1-ն այս անգամ ևս չիրականացաղ ցանկություն է մնալու:
 
Այո, Երևանը կարևորագույն օղակ է Հայաստանի իշխանության կազմում, և ավագանիում հաստատվելու համար դեռ բազմաթիվ հայտեր կներկայացվեն: Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, որ քաղաքապետն ընտրվեր ուղղակի քվեարկությամբ: Սակայ այս պարագայում էլ պատասխանատվությունը ստանձնում է ոչ թե անձը, այլ՝ քաղաքական ուժը: երևանցին այլևս ստիպված չէ հարմարվել քվեներ նկարելու իրողության հետ և գոհանալ իրեն խաբելու դիմաց 5000-10000 դրամ հայթայթելով: Մնում է հուսալ, որ այս անգամ երևանցին չի սխալվի՝ իրեն ծառայելու եկողի հարցում: Իսկ ավագանու ընտրությույուն յուրօրինակ մեկնարկ է դառնալու՝ չկեղծող ընտրությունների նախադուռ: