Ադրբեջանը չի ցանկանում մտնել ԵԱՏՄ

ԹԵԵՎ ԴԱ ՀՆԱՐԱՎՈՐ Է

«ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում «Հանրապետական» խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց.
 
- Այն օրը, այն րոպեին, երբ որ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, մեր տեղը կզբաղեցնի Ադրբեջանը։ Ադրբեջանը երազում է, և Թուրքիան, և Իրանը դրան նպաստելու են, Ադրբեջանը երազում է դառնալ ԵԱՏՄ անդամ, և ինքը թելադրել այդ քաղաքականությունը, որը նա այսօր չի կարողանում անել՝ ԵԱՏՄ անդամ չլինելով, և այդ քայլով մենք մեծ նվեր, շատ մեծ նվեր, հսկայական մեծ նվեր կտանք Ադրբեջանին և Թուրքիային։ 
 
Նրանից առաջ նմանօրինակ հայտարարություն էր արել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ 
 
Չբացառել, չի նշանակում հաստատել
 
Իրականում Արդբեջանը երբեք չի հայտարարել ԵԱՏՄ միանալու ցանկության մասին։ 2013-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտնելը նպատակահարմար չի համարում։ 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ 
 
- Այսպես ասեմ, իրականում մենք այսօր մեզ բավականաչափ վստահ ենք զգում այն կարգավիճակում, որում ենք․․․ Ուստի մեզ պետք է դեռևս տեսնել, թե ինչպիսի միտումներ կլինեն հետագայում։ Իհարկե, եթե Միությունը գրավիչ դառնա, շատերը կձգվեն դեպի այն։ Ուստի ոչինչ բացառել չի կարելի, բայց ես այս էտապը կբնութագրեի հենց այսպես։
 
Փաստորեն Ալիևը մշուշոտ ապագայում որևէ բան չի բացառում, սակայն և ցանկություն (իսկ առավել ևս երազանք) հենց վաղը մտնել միություն չունի՝ անկախ Հայաստանի անդամակցությունից։ «Այժմ ոչ, բայց երբեք մի ասա երբեք» ոճի մեկնաբանություններ Ադրբեջանի հավանական ԵԱՏՄ անդամակցության մասին հնչել են նաև այդ երկրի այլ քաղաքական գործիչների բերանից։ 
 
Ադրբեջանի նման մոտեցումը ունի հստակ բացատրություն՝ ԵԱՏՄ անդամակցությունը բերում է տնտեսական զարգացման աղոտ հեռանկարներ, բայց ավելացնում է Մոսկվայի միանձնյա քաղաքական և տնտեսական վերահսկողությունը անդամ-երկրների վրա, ուստի նախքան անդամակցությունը Բաքուն երկար կմտածի։ Ավելին՝ հաշվի առնելով ՌԴ-Ադրբեջան օրեցօր սերտացող հարաբերությունները՝ սխալ կլիներ ակնկալել, որ ադրբեջանցի քաղաքական գործիչները կտրուկ դեմ են արտահայտվելու ԵԱՏՄ-ին։
 
Բնականաբար, նրանք չեն բացառելու անդամակցության հնարավորությունը, սակայն դա չի նշանակում, որ որևէ քայլ են ձեռնարկել (կամ ձեռնարկելու) ԵԱՏՄ անդամակցության ուղղությամբ՝ անկախ այդ միության կազմում ՀՀ առկայությունից։ Ավելին՝ չբացառելը իրավունք չի տալիս Հայաստանի Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներին կամ դրանց կողմնակիցներին Ադրբեջանի հետագա անդամակցությամբ արդարացնել իրենց քաղաքական որոշումները։ 
 
Իսկ դա հնարավո՞ր է
 
Վերջին շրջանում հայկական և ռուսական դիվանագետները հետաքրքիր հայտարարություններ են անում։ 2017թ․ հոկտեմբերի 10-ին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի կարող դառնալ ԵԱՏՄ դիտորդ, ուր մնաց` անդամ, քանի որ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն, եթե որևէ երկիր անդամ երկրներից մեկի հանդեպ թշնամական վերաբերմունք ունի, ապա չի կարող անգամ ԵԱՏՄ դիտորդ լինել։ Այդուհանդերձ, այդ կարգավորումները չխանգարեցին, որպեսզի 2017թ․ նոյեմբերի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անի հետևյալ հայտարարությունը․ 
 
- Մենք շատ ուրախ կլինենք՝ Ադրբեջանը տեսնել Եվրասիական տնտեսական միությունում։
 
Ի պատասխան Լավրովի հայտարարության՝ նոյեմբերի 23-ին Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ՀՀ-ն կողջունի Արդբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, եթե Բաքուն դադարեցնի Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակումը, թշնամական գործողությունները և վերջ տա հայատյացությանը։ Փաստորեն հայկական ԱԳՆ-ն սկսում է արդեն հնարավոր համարել ՀՀ անդամակցությունը Ադրբեջանի հետ նույն միության կազմում՝ որոշակի (թեկուզ շատ կարևոր) պայմանների բավարարման դեպքում, երբ դեռևս մի ամիս առաջ դա անհնար էր համարվում։ 
 
Եվ այստեղ հարց է առաջանում։ Ինչպես գիտենք, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է առանց Արցախի։ Եվ եթե Ադրբեջանը դադարեցնի ՀՀ հանդեպ թշնամանքը (դադարի կրակել հայաստանյան գյուղերի ուղղությամբ և բացի սահմանը)՝ տեխնիկապես բավարարելով ԵԱՏՄ կարգավորումները, սակայն շարունակի թշնամանքը Արցախի հանդեպ (շրջափակում, ագրեսիա և այլն), Հայաստանի իշխանությունները կհամարե՞ն, որ Բաքուն կատարել է ԵԱՏՄ կարգավորումները։ Եթե այո, ապա կարելի է համարել, որ ԵԱՏՄ-ին անդամագրվելու Բաքվի ցանկության դեպքում դրա իրագործումը հնարավոր է:
 
 
Աննա ՓԱՄԲՈւԽՉՅԱՆ 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»