Հոգին աննյութեղեն է, բայց ցավն անամոք չպետք է մնա

ԿԱՆԽԵ՛Ք ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Հոգին աննյութեղեն է, անշոշափելի: Մարդն զգում է իր ֆիզիկական ցավը և բուժում որոնում, մինչդեռ հոգեկան հիվանդների մասին պետք է հոգան նրանց հարազատները, շրջապատի մարդիկ և, իհարկե, պատկան մարմինները, որոնք հաճախ զլանում են` իրենց արտարբերությամբ նպաստելով հիվանդության խորացմանը:
 

Շուրջ 30 տարի է` Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի բնակիչները բողոքում են, որ իրենց կյանքը դժոխքի է վերածել Ռիմա Մխիթարյանը: Նրա աչքին բոլորը գող ու ավազակ  են, սակայն ինչպես բոլոր հոգեպես անառողջ մարդիկ, այնպես էլ Ռիման սևեռվում է  հատկապես մի անձի վրա, երբեմն-երբեմն փոխելով  «օբյեկտը»: Նրա կասկածների թիրախում իր պատկից հարևան Ցոլակ Գրիգորյանը և նրա ընտանիքի անդամներն են` չնայած արդեն բացահայտված է իր տուն ներխուժած  ավազակային հարձակում կազմակերպողը ոստիկանության աշխատակից ոմն Վ.-ն է, ով այժմ կալանավորված է: Ռ. Մխիթարյանը կասկածում է նախաքննության մարմիններին` պնդելով, թե «ավազակային հարձակումը» կատարել է իր հարևան Ցոլակ Գրիգորյանը և ոչ թե ոստիկանության աշխատակիցը:

- Նա իմ տուն մտավ առանց դիմակի, իսկ հեռանալիս ծեծի ենթարկեց, դիմակավորվեց ու գնաց:

- Ռիմայի այպիսի պնդումներից հետո հասկանալի է, որ գործ ունենք ծանր հիվանդի հետ: Մինչև ե՞րբ ենք այսպես շարունակելու, մինչև ե՞րբ պետք է  մեր ընտանիքի անդամներն ու, հատկապես, երեխաներն ապրեն դարպասների ներսում, փակ դռների հետևում:  Մեր երեխաները զրկված են  փողոցում զբոսնելու, հեծանիվ վարելու և ընդհանրապես խաղալու հնարավորությունից: Հատկապես տաք եղանակներին պարզապես դժոխքի մեջ ենք հայտնվում. Ռիման հետապնդում է մեր երեխաներին,նրանց  կանչում է իր մոտ և ուժգին հարվածում  գլխին, հայհոյում, անիծում, կռիվներ սարքում: Այժմ նրան տեսնելիս երեխաները փախչում են, իսկ մեծահասակներն ուղղակի շտապում են ներս,- իր դիմումում նշել է Ցոլակ Գրիգորյանը:

Նրա դիմումից  և ներկայացրած փաստաթղթերից տեղեկացանք, որ 20.05.2014թ. «Արմավիր ԲԿ» ՓԲԸ հոգեբույժի կողմից կինը հետազոտվել է և ախտորոշվել  «ինվոլյուցիոն պարանոիդ», իսկ 27.12.2014թ. ստացված դատաբժշկական փորձաքննության թիվ 491/14 եզրակացությամբ` Ռ. Մխիթարյանը տառապում է «Զառանցական խանգարում» հոգեկան հիվանդությամբ և ճանաչվել է անմեղսունակ: Դե եկ ու հոգեպես անառողջ մարդու  հետ զրուցիր, բացատրիր, չէ, չի ստացվում:

Ռիմայի  հիվանդությունը շատ հաճախ սրվում է, սակայն միայնակ ապրող այս կնոջը խնամող չկա, որպեսզի դեղը ժամանակին տա, հետևի նրա օրվա ռեժիմին և գործողություններին: Ռիմային թվում է, թե ողջ փողոցն իրենով է հետաքրքրված, և բոլորը փորձում են իրեն թունավորել կամ սպանել: Հարևաններից մեկը նշում է, որ Ռիման հաճախում էր աղանդավորական հավաքներին, որտեղից նրան վտարեցին այն պատճառով, որ իբր  տիեզերքից իրեն կառավարում են և զգուշացնում հարևանների և ծանոթների «վտանգավոր» լինելու մասին:

Հենց այդ տիեզերքից  կառավարվող Ռիման էլ  անսպասելի հարձակվում է հարևան Ցոլակի հարսի վրա և նրան տապալում փողոցի  առվակի  մեջ` փորձելով  նրան խեղդամահ անել:

Ասում են` հոգեպես անառողջ մարդիկ ագրեսիայի ժամանակ ահռելի ուժ են ստանում: Մյուս հարևանի երեխային այնպես էր հարվածել, որ  վերջինս ընկել էր  գետնին և քիթն ու բերանն արյունոտել: Մյուս հարևանի  որդին վերջերս էր զոհվել, և Ռիման մտնում է նրանց բակն ու ամենակեղտոտ հայհոյանքները տեղում հանգուցյալի հասցեին: Զոհվածի հայրը, լսելով որդու հասցեին հնչեցված  խոսքերը, քիչ էր մնացել` դառնար մարդասպան: Ի՞նչ ասես Ռիմային, կամ գիտակցու՞մ է, որ ասես: Նրա հիվանդ հոգին անհաղորդ է այլոց ցավին ու վշտին: Նրա հոգին բուժման կարիք ունի: Ի՞նչ ասենք պետությանն ու համապատասխան հաստատություններին, ոստիկանական համակարգին, հոգեբուժական կենտրոններին, որոնց անտարբերությունն ու ամենաթողությունը թույլ է տալիս մտածել, որ եթե Ռիմայի նմաններին չի արգելում, չի հոգում նրանց պարտադիր բուժման հարցը` նշանակում է աջակցում է:

Հ. Ավետիսյան փողոցի գրեթե բոլոր բնակիչները և, հատկապես 109 տան (Ռ. Մխիթարյանի) հարևանները 26.05.2014 թ. գրավոր դիմել են Ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ  Ռ.Մխիթարյանը  տարօրինակություններ է դրսևորում, առանց պատճառի թքում է իրենց վրա, քար շպրտում, կեղտոտ հայհոյանքներ հասցնում և անբարո խոսքեր ասում իրենց և հյուր եկած հարազատների հասցեին: Դիմումատուները ոստիկանությանը խնդրել են, որպեսզի միջոցներ ձեռնարկեն` Ռ. Մխիթարյանին հոգեբուժարանում ստացիոնար բուժման  ուղարկելու համար:

Արմավիրի ոստիկանության միջոցով նրան ուղարկել են «Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն»  ՓԲԸ, սակայն հոգեբույժ Գ. Պ. Թադևոսյանի եզրակացությամբ, Մխիթարյանի հոսպիտալացումը մերժվել է` իբր  անհետաձգելի ցուցումներ չկան : Աշխատակիցներից մեկն ասաց, որ Ռ. Մխիթարյանի նման անտեր հիվանդներին գրեթե չեն ընդունում հիվանդանոց. իրենց քյարը ո՞րն է, որ կերակրեն, անվճար բուժեն, դեղեր տան, իսկ դուրս գրելուց ում հանձնեն խնամքը, դրա համար էլ չընդունեցին Ռիմային:  Իսկ Արմավիրի մարզային ոստիկանության բաժնի տեսուչ Ս. Մկրտչյանը. բաժանմունքի պետ  Վ. Գինոսյանը, ծառայության գծով պետի տեղակալ Կ. Ասատրյանը գրավոր պատասխանում են, որ Ռիմա Մխիթարյանի կողմից  հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել, ուստի քրեական գործը մերժվում է:

Հարգելի ոստիկանապետեր, հոգեբույժներ, դատավորներ, եթե Ռ. Մ.-ի արարքներում հանցագործություն առկա չէ այսօր, ապա վաղն այն կդառնա փաստացի  ողբերգություն, իսկ դուք կփաստաթղթավորեք որպես դժբախտ դեպք, որ կատարվել է անմեղսունակ անձի կողմից: Մի՞թե ձեր անտարբերությամբ չկանխելով չարիքը, դուք չեք նպաստում հնարավոր հանցագործությանը:

Հոգեպես անառողջներին հասարակությունից մեկուսացնելը օրենքի պահանջ է,  համապատասխան հաստատություններում նրանց բուժելու կամ հիվանդությունը մեղմելու համար պետության կողմից ահռելի գումարներ են տրամադրվում, սակայն որտե՞ղ են ծախսվում այդ գումարները, եթե հիվանդանոցները դատարկ են, իսկ գրանցվածների թիվը  աճել է 1988-ից ի վեր: Կամ, ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ Հ. Ավետիսյան փողոցի բնակիչների դիմումն իրենց ստորագրություններով ոստիկանության աշխատակիցները ցույց են տալիս հիվանդին և ասում «առ, նայիր, թե ովքեր են ստորագրել` քեզ հոգեբուժարան ուղարկելու համար»:

Ի դեպ, հաճախ եմ լսում այդ մասին, որ բողոք  ներկայացնող անձանց անունները թե՛ ոստիկանության աշխատակիցները և թե՛ հոգեբույժները «մատնում» են հիվանդներին: Իսկ հոգեբուժական կենտրոններում և ոստիկանական բաժիններում պնդում են, թե «մարդուն  առանց իր գրավոր  համաձայնության չեն կարող ընդունել հիվանդանոց և բուժել, դա մարդու իրավունքների  ոտնահարում է»: Իսկ առողջ մարդկանց  իրավունքները չե՞ն ոտնահարվում պատկան մարմինների անգործությամբ, որով քաղաքացիներին պարտադրում են ապրել հիվանդ մարդու  հետ կողք-կողքի` նրանց օրը դարձնելով մղձավանջ: Վերջին հաշվով հոգեպես անառողջ մարդը չի կարող առողջ մտածողություն ունենալ և գիտակցել, որ ինքը բուժման կարիք ունի:

Առողջ հասարակություն ունենալու համար վաղուց ժամանակն է վերականգնել 30 տարի առաջ կորցրած մարդասիրական իրավունքները: Սկսենք նվազագույնից` հոգեկան առողջության կենտրոնում հիվանդի բուժումը պետք է կատարվի բացարձակ անվճար և նրա նկատմամբ խնամք տարվի: Ի՞նչ մեղավոր են այդ մարդիկ, ովքեր ստիպված են շփվել կամ ապրել հիվանդ մարդու  հարևանությամբ և հալածվել նրան  կողմից: Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում պետությունն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Առավելևս` Ռիմա Մխիթարյանի հարևանները գրավոր հայտնել են, որ նա հիվանդ է, կարիք ունի բուժման, խնամքի և ուշադրության. «Մենք խղճում ենք նրան, գիտենք, որ հիվանդ է, չի բացառվում, որ  մի օր ծանր հանցագործության դեպքով կհայտնվենք օրենքի առաջ, ուստի խնդրում ենք կազմակերպել Ռիմա Մխիթարյանի բուժումը: Մենք  մեր պատրաստակամությունն ենք հայտնում` աջակցելու նրա բուժումը կազմակերպելուն»:
 

Թերեզա  ԱՍԱՏՐՅԱՆ