Ջրա-լույսա-գազագողների հասցեները մի՞թե մինչ այս էլ հայտնի չէին

Առինջ գյուղում «ձախ» ջրագծեր հայտնաբերելու և առինջեցիներից մեկի կողմից իր մի քանի հեկտարանոց, փարթամ այգին խմելու ջրով ոռոգելու ու դրա դիմաց ոչ մի դրամ չի վճարելու փաստը ոչ մեկի չզարմացրեց: Չզարմացրեց ոչ թե կոնկրետ այդ փաստ, այլ «ձախ գծերով» հոսանք, գազ, ջուր գողանալու երևույթն ընդհանրապես:

Կա՞ որևէ բնակավայր, որտեղ ապրող մեծահարուստներն ու նրանց հովանավորյալ «լավ տղերքը» իրենց շռայլած լույս-գազ-ջուր բարիքների համար վճարեն: Նրանց փոխարեն վճարել են ձմռանը ցրտից մրսելով, երեկոները կիսախավար բնակարաններում էլեկտրաէներգիա խնայող ու խմելու ջուրը կաթիլներվ օգտագործող «շարքայինները»` ամեն ամսվա սկզբում լռելյայն կամ բարձրաձայն ընդվզելով հավելագրումներից: Ընդվզել են` հաստա′տ իմանալով, որ իրենց հարևանությամբ ապրող «լևի գծատերերի» բնակարաններում անվճար կամ գրեթե անվճար շռայլվում են այդ բարիքները:

Առայժմ միայն Ջրային տնտեսության պետական կոմիտեն է բարձրաձայնել այդ փաստը: «Սպուտնիկ»-ի փոխացմամբ` Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Սամսոն Զատիկյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ շրջայցի ժամանակ նկատել են տվյալ հատվածում Երևանը սնուցող Կաթնաղբյուրի ջրագծին ապօրինի միացված «ձախ» խողովակ, որը գնում է դեպի առինջեցու այգիների տարածք:

- Այս այգիներն ամբողջությամբ ոռոգվում են խմելու ջրով: Միայն այս այգու հատվածում ապօրինի 3 միացումներ կան, որոնք գնում են նույն սեփականատիրոջ տարածքը: Սեփականատերը Ռաֆիկ Հայրապետյանն է,- հայտարարել է պաշտոնյան:

ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանն էլ հայտնել է, որ ջրագողին պատժելու համար հանձնաժողովում այժմ հաշվարկում են տուգանքի չափը.

- Եթե նա իրավաբանական անձ է դա կլինի 1 մլն դրամից ավելի:
Տույժը հաշվարկվում է խողովակի ամբողջ թողունակությամբ իրավաբանական անձանց պարագայում 90 օրվա հաշվարկով, առանձնատների դեպքում` 30, բազմաբնակարան շենքերի բնակիչների դեպքում` 15 օր:

Եթե անկեղծ` ապա նման գողությունները բացահայտելու համար «դեպքի վայրեր» այցելելուց առաջ դժվար չէ նախ շքեղ առանձնատներում կյանքն ու հանրային բարիքները մսխող-վայելողների վճարաչափերը ստուգել` դրանք բաղդատելով նրանց ունեցվածքի հետ: Իսկ բացահայտումներից հետո հստակ կդառնա, որ լույսի, գազի ու ջրի սակագների շարունակական բարձրացումները հիմնավոր չեն: Այդ ծառայությունները մատուցողները ևս շատ լավ իմացել են ջրա-լույսա-գազագողների հասցեներ և նրանց չնեղացնելոու պայմանով նաև սեփական գերշահույթներն են ապահովել:

Ընդամենը մեկ ամիս գողությունների ճանապարհը փակելով և հավելագրումները կանխելով` չի բացառվում, որ նույնիսկ գնանկման միտում նկատվի: