Նպատակը՝ խրախուսել երիտասարդ հետազոտողներին

ԶԱԼՑԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար:
 
2022 թվականի գարնանը սկսվող կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։ 
 
Կրթաթոշակի առավելագույն գումարը 3000 եվրո է: Դրամաշնորհի շրջանակում հնարավոր է կազմակերպել նաև կարճաժամկետ կացություն Զալցբուրգում։
 
«Արցախի մշակութային հոգևոր ժառանգության վրա կենտրոնացած հայագիտական հետազոտությունների դրամաշնորհների» հայտերի ընդունման ժամկետը մեկնարկել է հուլիսի 1-ից, իսկ  վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 1-ն է։ 
 
Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հետևյալ թեմաները.
 
• Հայագիտության ցանկացած բնագավառ (լեզու, պատմություն, մշակույթ, արվեստ, աստվածաբանություն, ազգագրություն, հնագիտություն և այլն)՝ կենտրոնանալով Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության վրա և շեշտադրելով միջառարկայական մեթոդներն ու մոտեցումները: Հատկապես ողջունելի են հայագիտության հետևյալ ուղղությունները՝ ընդհանուր, պատմական և համեմատական լեզվաբանություն, տարածքային լեզվաբանություն, կոնտակտային լեզվաբանություն, բարբառագիտություն, ազգագրություն, արվեստ և ճարտարապետություն, ձեռագիր ուսումնասիրություններ (կոդիկագիտություն), հնագիտություն, միջնադարյան պատմություն, վաղ ժամանակակից պատմություն, աստվածաբանություն, կրոնագիտություն և ոլորտին սերտորեն կապված այլ առարկաներ:
 
• Նախագծերը պետք է հիմնված լինեն հիմնարար հետազոտության, արխիվային կամ դաշտային աշխատանքի, ինչպես նաև արդի գիտական մոտեցումների ու տեսությունների վրա:
• Նախագծերը պետք է ունենան հստակ արդյունք՝ գիտական հրապարակման տեսքով:
 
• Դիմումի լեզուն պետք է լինի անգլերենը: Ծրագրի արդյունք(ներ)ը նույնպես պետք է գրված լինի անգլերեն կամ ցանկացած արևմտյան լեզվով: Նախագիծն ինքնին կարող է լինել հայերեն կամ այլ լեզվով (օրինակ՝ ռուսերեն, գերմաներեն, իտալերեն և այլն):
 
Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել վերոհիշյալ առարկաների մինչև 35 տարեկան և արդեն իսկ գիտական ուսումնասիրության փորձ ունեցող շրջանավարտները, մագիստրոսներն ու ասպիրանտները:
 
Անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև ծախսերի բաշխման, ժամանակացույցի, աշխատանքային պլանի, ինչպես նաև հետազոտության հայեցակարգի վերաբերյալ տեղեկություններ: