Հոբելյան․ Ժամանակակից արվեստի թանգարանը 50 տարեկան է

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻՆ ՊԱՐԳևԱՏՐԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին: 
 
Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
 
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նունե Ավետիսյանին Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակի և այն շուրջ մեկտասնամյակ  հաջող ղեկավարելու առիթով: 
 
Նախարարը բարձր է գնահատել վաստակաշատ տնօրենի ներդրումը թանգարանի զարգացման գործում. «Ձեր շնորհիվ թանգարանն ընդլայնել է իր գործունեությունը, հարստացրել հավաքածուն և հասարակության շրջանում դարձել ավելի ճանաչելի: Պետք է ամեն ինչ անել՝ էլ ավելի մեծացնելու հասարակական հետաքրքրվածությունը թանգարանի նկատմամբ: Նախարարության Ոսկե մեդալով պարգևատրումը ընդունե՛ք որպես Ձեր աշխատանքի համեստ գնահատական»:
 
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: Նա հակիրճ ներկայացրել է թանգարանի պատմությունը, գործունեությունը, հավաքածուների և տարբեր նմուշների համալրման մանրամասներ: Քննարկվել են թանգարանի շենքային պայմաններին, ցուցադրությունների կազմակերպմանը վերաբերող խնդիրները, լուծման հնարավոր տարբերակները:
 
Նշենք, որ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրման 50 և Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյա հոբելյանների շրջանակում կներկայացնի բացառիկ ցուցադրություն, որը կբացվի այսօր, Կառավարական 2-րդ տանը (ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենք): 
 
Ներկայացվելու են թանգարանի հավաքածուից երբևէ չցուցադրված 150 հեղինակի 300-ից ավելի ստեղծագործություններ: