Կադանսը, Վալտեր Ռիոսը և Մարիել Դյուպետին կներկայացնեն Պիացոլայի երաժշտությունը

ԱՅՍՕՐ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Երևանի տանգոյի միջազգային փառատոնի շրջանակում կհնչի Աստոր Պիացոլայի երաժշտությունը։ 
 
Երեկոյին ելույթ կունենա Կադանս անսամբլը, որի կատարումներին կմիանան երգչուհի Մարիել Դյուպետին և բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը Արգենտինայից:
Մարիել Դյուպետին Չիլիի Festival de Vina del Mar փառատոնին արժանացել է «Լավագույն կատարող» տիտղոսին, ճանաչվել է արգենտինական Մար դել Պլատա քաղաքի մշակութային դեսպան, ձայնասկավառակ է թողարկել ամերիկյան Universal Records-ի հետ։ Հանդես է գալիս նաև Վալտեր Ռիոսի տրիոյում։ 
 
Վալտեր Ռիոսը բացառիկ երաժիշտ է՝ բանդոնեոնահար, կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր։ Բազմաթիվ խմբերի՝ տրիոների, կվինտետների և սեքստետների հիմնադիր է։ Որպես հրավիրյալ երաժիշտ՝ երկար տարիներ ստեղծագործել է Ֆրանսիայում և Իսրայելում։ Հատուկ հրավերով ելույթներ է ունեցել Անգլիայի թագավորական միջոցառումների ընթացքում։