ՈՒսումնական տարեմուտ՝ ԷԼ ՍԻԴ հայախոս դպրոցում

«ԱՐԱՐԱՏ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ 15 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ

Սեպտեմբերի 8-ը ուսումնական տարեմուտ էր Միսլատայի ԷԼ ՍԻԴ դպրոցի սաների համար: Իրենց ծնողների, ուսուցիչների հետ նրանք հավաքվել էին՝ մասնակցելու Իսպանիայում առաջին կիրակնօրյա դպրոցի նոր՝ 2019-2020 ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը։ 
 
Հեռավոր 2004 թվականի այս օրերը կարծես երեկ էին, երբ հիմնադրվեց Թագավորությունում առաջին հայկական դպրոցը, որը հընթացս պիտի վերածվեր երկրում հիմնված առաջին հայկական կազմակերպության՝ «Արարատ» հայկական միության: Կառույց, որն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ստանձնել է հայապահպանության, հայ ինքնության պահպանման և հայկական մշակույթի զարգացման ու տարածման դժվարին, սակայն հաճելի ազգանվեր գործը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նորեկ և անցած տարիներից հաճախող երեխաները հայոց լեզվին ու Հայաստանին նվիրված բանաստեղծություններով մուտք գործեցին հայկական կրթօջախ՝ ազդարարելով ուսումնական տարվա մեկնարկը։ 
 
Ողջույնի խոսքով հանդես եկան ուսուցիչներ Էվելինա Վարդևանյանը, Աստղիկ Սաղաթելյանը, Գայանե Ղազարյանը և Արարատ Ղուկասյանը։ Վերջիններս իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին այն 28 աշակերտների ծնողներին, ովքեր մայրենիի պահպանման և ընդդեմ ուծացման պայքարի իրական նվիրյալներ են։ Աշակերտների դպրոց մուտք գործելուց հետո, նրանց գրենական պիտույքներ նվիրվեց, որից հետո բոլորը մասնակցեցին արդեն ավանդական դարձած համտեսին։ 
 
Եվս մեկ տարի բարի երթ մաղթենք հայկական կրթօջախին և նրանում ուսանող սաներին՝ հավատով, որ օտար ափերում նրանք կպահպանեն հայ խոսքը, հայ մշակույթը՝ միշտ հարազատ մնալով իրենց ազգային ակունքներին: