«Շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները». ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՋԱԿՑԵՆՔ, ԲԱՅՑ ՄԻԱՅՆ ԿՈՂՄԵՐԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՎ»

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
 
- Բարի գալուստ Բրյուսել, պարոն վարչապետ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորել անձամբ անցյալ տարվա ընտրությունների կապակցությամբ: Ձեր ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակը լավ նորություն է Հայաստանի համար և մեզ համար: Վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ համագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝  և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես,- ասել է Եվրոպական հանձնաժողովի  նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ հավելելով՝
 
- Մենք Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել ենք 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումների համար: Բայց ինչպես պարոն վարչապետը բազմաթիվ անգամ նշել է՝ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում: Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում և նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատել: Մենք խոսել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մասին: Այսօր ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք՝ տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են և հիմա ժամանակն է բոլոր անդամ պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ, որպեսզի մենք միասին կարողանանք ազատ առաջ շարժվել: 
 
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին ուղղված լրագրողի այս հարցին պատասխանել է նաև ՀՀ վարչապետը.  
 
- Վերջին շրջանում մի քանի անգամ հանդիպել եք Ձեր ադրբեջանցի գործընկերներին: Կցանկանայինք իմանալ՝ կա՞ն արդյոք նոր շեշտադրումներ, որ հնարավոր է հրապարակել: Եվ եթե կարելի է՝ կցանկանայինք պարոն Հանի արձագանքը լսել այն հարցի շուրջ, թե Եվրամիությունն ինչպե՞ս կարող է ավելացնել աջակցությունը ղարաբաղյան հակամարտության   խաղաղ կարգավորման արագացման ուղղությամբ:    
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.- Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, և մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Հետևաբար, Ձեր հարցի մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա այն առումով, թե կա՞ ինչ-որ բան ավելացնելու: Մենք դեռ նոր պետք է սկսենք  քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը  բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է: 
 
Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան.- Նախ ուզում եմ նշել, որ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն ստեղծվեց նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների  միջև:  Նոր հանդիպումներն արդեն  իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները: Եվ մենք դրսից՝ որպես Եվրամիություն,  ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք ամբողջ տարածաշրջանին աջակցել, կարող ենք նպաստել երկրների միջև համագործակցությանը տարբեր ոլորտներում: Այսինքն՝ հնարավորությունները պետք է շատ լինեն, և որոշ բաներ ժամանակ են պահանջում: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են հետագայում տարածաշրջանային իրավիճակը բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք  պետք է ուղղակի  պատրաստ լինենք  աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն: