2019թ. համար որոշ գուշակներ տեսել են Ռուսաստանի ծաղկումն ու ԱՄՆ-ի կործանումը

Մեր ժամանակի մասին բոլոր տեսակի մարգարեները զանազան սարսափելի բաներ են ասել, որ դրանք եղանակի կանխատեսման չափ սովորական են դարձել: Իսկ ժամանակակից պայծառատեսների գուշակություններում երբեմն քաղաքականություն է նկատվում: Այսինքն, նաև գուշակների անունից են որոշ տերություններ իրենց հաղթանակող ներկայացնում:
 
Այդուհանդերձ, ըստ esoreiter.ru պարբերականի, պայծառատեսների կանխատեսումները, լինեն դրանք ճշմարտություն, թե լիովին անիմաստ բաներ, ինչ-որ պատճառով շատ-շատերին են հետաքրքրում, և մարդը դրանք կարդում է՝ անկախ նրանից՝ հավատո՞ւմ է, թե՞ ոչ: Չհավատացողները դրանց վրա ծիծաղում են, բայց մեկ է՝ կարդում են: Պարբերականը 2019թ. կանխագուշակություններից առանձնացրել է Ռուսաստանին վերաբերողները: Մեր ռազմավարական դաշնակցի (ցավոք՝ սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ անունը կա, ամանում չկա) ու մեր միլիոնավոր հայրենակիցների բնակավայրի մոտալուտ ճակատագիրը մեզ նույնպես կարող է հետաքրքրել:
 
Գուշակ Վերա Լիոնը՝ Ղազախստանի բնակիչ, հավաստիացնում է, թե Ռուսաստանի ամենբարդ ու տանջալի փուլը արդեն անցյալում է: 2019թ., ճիշտ է, նրա համար իսկական դրախտ չի լինելու, բայց կարելի է ասել՝ փոթորիկներն արդեն հետևում են մնացել: ԱՄՆ-ի համեմատությամբ, որտեղ Լիոնը տեսնում է Յելոունսթոուն հրաբխի ժայթքումը և այդ ահավոր աղետի բոլոր հետևանքները, ռուսաստանցիները գործնականում վախենալու բան չունեն: Ստացվում է՝ Ամերիկայի այդ գերհրաբխի վնասները Ռուսաստան չեն հասնի, թեև գիտնականները խոսում են դրա ժայթքելու պարագայում համարյա թե ամբողջ մոլորակին սպառնացող միջուկային ձմեռվա մասին: Ի դեպ, արդեն տագնապներ են հնչեցվում, թե այդ հրաբուխն արթնանում է: 
 
Այդ նույն ժամանակ ՌԴ-ում սկսելու է ծաղկել Սիբիրը: Ըստ գուշակուհու՝ հետագայում այդտեղ կներխուժեն ներգաղթյալների խմբերը՝ բնական աղետներից տուժածները: Բայց, այդուհանդերձ, Սիբիրին տնտեսական ծաղկում է սպասում: 
Ռուսաստանի մասին մոտավորապես նույն բանն է ասում Հնդկաստանից վեդայական աստղաբան Պունտի Նահատան: Այս պայծառատեսն էլ կարծում է, որ մինչև 2020թ. Ռուսաստանը Յուպիտերի ու Լուսնի բարեհաճության ներքո է, այդ պատճառով էլ նրանք ՌԴ տարածքը կփակեն դրսից եկող բոլոր բացասական ներգործություններից: Իսկ ահա հենց պետության ներսում կարող են հուզումներ և անգամ ապստամբություններ լինել, թեև երկրի ընդհանուր կայունության վրա դրանք չեն անդրադառնա: 
 
Արժե հիշել նաև մեծն Էդգար Քեյսիին՝ ամերիկացի «քնած մագարեին»: Նա նույնպես, ինչպես պարզվում է, իր տրանսների ժամանակ աչք է ածել 2019թ. և ավելի հեռուն: Նա մեր ժամանակներում տեսել է Ռուսաստանի ծաղկումն ու ԱՄՆ-ի կործանումը: Բայց ահա թե ինչն է ուշագրավ: Քեյսին ասել է, որ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում են եկող տարվա վերջին սկսելու դասավանդել հեռազգացություն, իսկ արդեն 10 տարի անց աշխարհում կվերանա հեռախոսային կապի ամեն մի անհրաժեշտություն, քանի որ մարդիկ կսկսեն շփվել մտովի ու զգացմունքներով, այն էլ մտավոր հարթության վրա: Ավելին, այդ ժամանակ երկրացիները կկորցնեն ճամփորդությունների հանդեպ ամեն մի հետաքրքրություն, քանի որ նրանց առջև կբացվեն «չտեսնված աշխարհներ ու չափումներ»:
 
Նկատենք, որ Էդգար Քեյսին ժամանակի հարցում հաճախ է սխալվել, բայց ճշգրիտ է եղել իրադարձությունների առնչությամբ: Ասենք, դա ինչ-որ չափով հատուկ է բոլոր պատգամախոսներին: Ահա թե ինչու են նրանց գուշակությունները համեմատում եղանակի կանխատեսումների հետ: Անձրև անպայման կտեղա, միայն թե անհայտ է՝ որտեղ և երբ: