«էլեկտրոնային մաշկ»՝օժտված վերականգնվելու հատկությամբ

Կենդանի բջիջների վերականգնման հատկությունը, թերևս, կարելի է բնության հրաշք համարել, քանի որ դրա շնորհիվ է, որ վնասված օրգանները առողջանում են և ծառայում տիրոջը:
 
Մողեսի պոչի վերականգնվելու երևույթը շատ գիտնականների ոգեշնչած կլինի՝ գտնել ռեգեներացիա անունով հայտնի երևույթն արագացնելու ու առավել արտահայտված դարձնելու միջոցներ և դրանով հաղթել բոլոր հիվանդություններին: Միայն թե կենսաբանության ոլորտի փոխարեն այսօր այդ մասին ազդարարում է էլեկտրոնիկան:
 
Ձգտելով էլեկտրոնիկան առավել բնամաքուր դարձնել՝ գիտնականները «էլեկտրոնային մաշկ» են ստեղծել, որը օժտված է նույն նյութը վերարտադրելու հատկությամբ, իսկ պատռվելու դեպքում կարող է ամբողջությամբ վերականգնվել (տեղեկացնում է «Վեստին»): 
 
Դա բարակ թաղանթ է, որի վրա տեղադրված են ճնշման, ջերմաստիճանի, խոնավության և օդի հոսանքի՝ միմյանց հետ համագործակցող տվիչներ: Որպես ելակետային հումք օգտագործել են մատրիցա ձևավորող համրամատչելի երեք նյութեր՝ հավելելով արծաթի նանոմասնիկներ: Երբ այն կտրտում են, բավական է «վերքին» լցնել այդ երեք ելակետային բաղադրիչների խառնուրդը, որպեսզի ձգվի՝ վերականգնելով տարբեր կտորների միջև եղած քիմիական կապերը: Այս դեպքում մատրիցան վերականգնվում է, և «մաշկը» լիովին նորանում է: «Էլեկտրոնային մաշկը» նկարագրված է Science Advances հանդեսում: 
 
Եթե վնասվածքները վերականգնելու հնարավորություն չեն թողնում, «մաշկը» կարելի է ուղղակի լուծել հատուկ հեղուկի մեջ, ապա նյութը նորից օգտագործել: Իսկ սա այնքանով է կարևոր, որ շրջակայքն աղտոտող գործոն չի դառնում. հենց միայն ԱՄՆ-ում տարեկան միլիոնավոր տոննաներով էլեկտրոնային թափոններ են գոյանում, որոնք շատ դեպքերում լինում են թունավոր և վերամշակման ոչ ենթակա («Վեստիի» պնդմամբ): 
 
Աշխարհի շատ փորձարաններում են նման մշակումներ իրականացվում: Այս մեկի գյուտարարները կարծում են, որ ապագայում նման նյութերը հնարավոր կլինի օգտագործել բարձրտեխնոլոգիական պրոթեզների, ռոբոտների և «խելացի գործվածքների» արտադրության մեջ: 
 
Արդիական պրոթեզները, իհարկե, հնարավոր չէ համեմատել մի քանի դար առաջվա փայտե ոտքերի և այլ դնովի անդամների հետ, սակայն այսօր էլ հաշմանդամությունը առանձին մարդկանց անելանելի դրության մեջ է դնում: Նոր գյուտը, թերևս, կարող է դարմանել նաև ծերության բերած ծանր հետևանքները և տարբեր հիվադություններ, եթե, իհարկե, այն սկսի կիրառվել առողջապահության բնագավառում, այլ ոչ թե, ասենք, նյութ տա ռոբոտ-զինվորների համար, որոնց ոչ մի կրակահերթ շարքից չի հանի: