Հեքիաթների աշխարհը շենացնող հայուհին

Մենք բոլորս հեքիաթների աշխարհից ենք գալիս, որտեղ սնունդ են առել մեր երազները, որտեղ չարի և բարու բախումները միշտ արդար ավարտ են ունենում: Հետո ոմանք մոռանում են այդ հեքիաթները, ոմանք՝ ստեպ-ստեպ, հատկապես դժվարին պահերին, մտովի փորձում են նորից գտնել իրենց հեքիաթը... Ոմանք էլ միշտ ու բոլորի առջև բաց են պահում գողտրիկ այդ աշխարհի դուռը՝ հեքիաթներ արարելով: Լոնդոնաբնակ հեքիաթագիր Նունե Սարգսյանն այդ դուռը բաց պահողներից է: Եվ ուրիշ որտե՞ղ, եթե ոչ ՀՀ սփյուռքի նախարարությունում պիտի հանդիսությամբ նշվեր շնորհալի մեր հայրենակցուհու հեքիաթների մատենաշարի ծնունդը:
 
Շնորհանդեսի նախաձեռնությունը նախարարությանն էր, ողջույնի առաջին խոսքը՝ նախարարինը, ով գոհունակությամբ նշեց, որ որ վերջին 10 տարիներին Նունեի գրքերը նվեր են ստացել Երևանի քաղաքային և համայնքային գրադարանները, մայրաքաղաքի 5 մանկատները, Գյումրիի 29 և Ստեփանակերտի 9 դպրոցական, Մոսկվայի ու Պետերբուրգի հայակական կենտրոնների գրադարանները, Լոնդոնի հայկական դպրոցները:
 
- Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի օգնությամբ Նունեի հեքիաթները փոխադրվել են Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) և Արցախի բարբառներով: Այսօր մենք աշխատում ենք սիրելի Նունեի հեքիաթները փոխադրել արևմտահայերենի: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների և հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 
 
Ի դեպ, նախարարության նախաձեռնությամբ և պատվերով ամեն տարի լույս տեսնող «Գրական Սփյուռք» տարեգրքի 2017թ. համարում կընդգրկվի նաև Նունե Սարգսյանի հեքիաթներից մեկը:
 
Ամուր ընտանիքն ամենայն առաջընթացի հիմքը համարող Նախարարը կարևորեց հեղինակի ընտանիքի և մասնավորապես ամուսնու՝ Արմեն Սարգսյանի դերը՝  Նունեի ստեղծագործական հաջողություններում: 
- Նունեն այսօր երեք թոռնիկ ունի, և համոզված եմ, որ հեքիաթները ստեղծվում են նախևառաջ իր թոռնիկների համար՝ նրանց հասկանալի գեղեցիկ գրական հայերենով, - ասաց նախարարը՝ հավելելով, - վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը մեզ պիտի առավել բարիացնի, ազնվացնի, մեր մեջ ավելացնի սերն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ:
 
Այնուհետև հեքիաթագրի գործերի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: 
 
ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ընդգծեց, որ Նունե Սարգսյանի հեքիաթներում ներդաշնակ են ձևն ու բովանդակությունը՝ 
 
- Մենք տեսնում ենք հայկական և անգլիական մշակույթների զուգակցումը, ինչը ստեղծում  և նոր հմայք է հաղորդում հեքիաթներին:
 
Իսկ Սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանն իրավացիորեն նշեց, որ բավական դժվար է հետաքրքիր դառնալ 21-րդ մանուկների համար: 
 
- Նունե Սարգսյանի հեքիաթները հետաքրքիր են մանուկների և հատկապես հայ մանուկների համար: Նունեի գենետիկայում զգալի է հայկական միֆականությունը, - ասաց Սերժ Սրապիոնյանը:
 
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ, հայրենադրարձ Նաիրի Մուրադյանն էլ իր ուրախությունը բարձրաձայնեց. 
 
- Ուրախ եմ, որ պիտի փոխադրեմ տիկին Նունեի հեքիաթները արևմտահայերենի և կարծում եմ, որ եթե արևելահայ մշակույթի կրողներն են մտածում իրենց գործերը արևմտահայերենի փոխադրելու ուղղությամբ, ուրեմն արևմտահայ լեզուն ու մշակույթը երբեք չի կորչի:
 
Իր հեքիաթներով բոլորին հիացրած օրվա հերոսուհու խոսքը ևս ինքնաբուխ էր՝
 
- Շատ հուզված եմ, որովհետև այս հանդիպումն ինձ համար անակնկալ էր: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իմ հեքիաթները արևմտահայերենի փոխադրելու առաջարկության և նախաձեռնության համար: Անպայման ուզում եմ նշել, որ տիկին նախարարը ճիշտ էր, երբ ասաց, թե ընտանիքը մեծ նշանակություն ունի արվեստագետի կայացման գործում: Իմ պարագայում շնորհակալ եմ մանկությանս ընկերոջն ու ամուսնուս՝ Արմենին, ով ինձ վստահություն ներշնչեց և համոզեց գրել հեքիաթներ:
 
Նունե Սարգսյանն ասաց, որ ինքը գրել է նաև մեծերի համար, սակայն հոգեհարազատը մանուկների աշխարհն է::
 
Արմեն Սարգսյանը նախ Երևանի մասին խոսեց, որը, երևի թե նրա կարոտի արտահայտությունն էր առ հայրենիք՝ յուրաքանչուր Հայաստան վերադարձին Երևանն առավել գեղեցկացած են տեսնում: 
 
Հանդիպման ավարտին ընթերցվեցին հատվածներ հեղինակի՝ Արցախի բարբառով փոխադրված «Երեք վիշապ» հեքիաթից: