ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ

Ազգապահպանության գրավականն, ինչ խոսք, նախևառաջ սերնդակրթությունն է: Առավել ևս, հայրենիքից հեռու՝ օտար ափերում, ակամա օտար բարքերի կրող են դառնում հայ մանուկներն ու պատանիները՝ հաճախ չկարողանալով զերծ մնալ ուծացման վտանգից: Ահա թե ինչու Սփյուռքի կրթական խնդիրների լուծումն այսքան առաջնահերթում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Հենց այդ նպատակին էր ուղղված Սփյուռքի նախարարությունում այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ ստորագրած համատեղ հրամանը՝ Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցելու վերաբերյալ:
Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարում համակարգելու նպատակով գործելու է համակարգող հանձնաժողով:
Ինչպես նշեց Հրանուշ Հակոբյանը՝
- Ի կատարումն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ մենք կազմեցինք և ստորագրեցինք Սփյուռքի կրթական խնդիրների լուծմանն աջակցության համատեղ միջոցառումների ծրագիրը հաստատելու և համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին այս համատեղ հրամանը, որը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացնել:
Իսկ Լևոն Մկրտչյանը, կարևորելով նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությունը՝ նկատեց.
- Այս հրամանը ենթադրում է հստակ գործողությունների ծրագիր, և այսպիսի ձևաչափով ավելի լավ կհամակարգվեն աշխատանքները:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Կրթության և գիտության իր պաշտոնակցին՝ համագործակցելու պատրաստակամության համար և հավելեց, որ 2017թ. սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որտեղ կքննարկվեն նաև Սփյուռքում մայրենիի պահպանությանը վերաբերող խնդիրներ:
- Այստեղ ևս Սփյուռքի և Կրթության և գիտության նախարարությունները կարող են աջակցել միմյանց՝ լավագույն մասնագետներին հրավիրելու, թեմաները ճշգրիտ ընտրելու և բազմաթիվ այլ հարցերում, - նշեց Սփյուռքի նախարարը: