Բուսակեր դառնալու հերթը կատուներին էլ հասավ

ԿԱՏՎԻԴ ՄԻԱՅՆ ԲՈՒՅՍԵՐՈՎ ԿԵՐԱԿՐԵՍ՝ ԳՈՐԾ ԿՈՒՆԵՆԱՍ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Մեծ Բրիտանիայում մարդիկ ոչ միայն իրենք են բուսակեր դառնում, այլև դա պարտադրում են… իրենց կատուներին: Ահա և իշխանությունները փորձում են պայքարել կյանքի նկատմամբ բրիտանացիների այդ ակնհայտորեն ծայրահեղ վերաբերմունքի դեմ: Ըստ էության, առողջի համարում ունեցող այդ սննդակարգը (թեև դա ապացուցված չէ ո՛չ գիտությամբ, ո՛չ հոգևոր փորձով) դառնում է մոլություն, և դրանից տուժում են ոչ միայն նրանց երեխաները, այլև նրանց խնամքի տակ գտնվող կենդանիները:
 
Ինչպես նշում է esoreiter.ru պարբերականը, շատ երկրներում ծնողներին ուղղակի օրենքով արգելվում է իրենց նման բուսակեր կամ հումակեր դարձնել ընտանիքի երեխաներին: Իսկ ահա կատուների նկատմամբ նման ծաղրուծանակը նոր երևույթ է: Պատահական չէ, որ Միացյալ Թագավորությունում կենդանիների պաշտպանները հանդեաս են եկել առաջարկությամբ՝ պատժել այն բրիտանացիներին, ովքեր իրենց մռմռաններին բուսական սննդակարգ են պարտադրում:  
 
Շներին, օրինակ, բույսերով կերակրելը զարմանալի չի թվում: Չէ՞ որ մարդու այս չորքոտանի բարեկամներն այնուամենայնիվ ամենակեր են համարվում: Ճիշտ է, նրանց միայն բուսական սնունդ առաջարկելը կարող է սննդակարգի որոշակի խախտում դիտվել, սակայն այն հանգամանքը, որ խանութներում զանգվածաբար հայտնվում են բացառապես սննդային բաղադրիչներով շնային կերեր, խոսում է այն մասին, որ բժիշկները թույլատրելի են համարում նման բուսական սննդակարգը:  
 
Բայց ահա կատուները հարյուրտոկոսանոց գիշատիչներ են: Բնության մեջ նրանք միայն մսով են սնվում, իսկ եթե երբեմն նաև խոտ են ուտում, ապա՝ բացառապես բուժական նպատակներով: Եվ ուրեմն տերե՞րն ինչու են որոշել նրանց բուսակեր դարձնել՝ հարց են տալիս կենդանիների պաշտպանները: Տնային կատուներին պաշտպանելու այդ բողոքներին ու պահանջներին հավանություն են տվել բրիտանական իշխանությունները: The Telegraph պարբերականի միջոցով նրանք օրերս նախզգուշացում են տարածել՝ ուղղված երկրի բոլոր քաղաքացիներին: Դրանով նրանք ազդարարում են, որ որ կատուներին սոսկ բուսական կերերով կերակրելը այսուհետև կդիտվի որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք: Բրիտանական օրենքներով նման իրավախախտին սպառնում է ծանրակշիռ տուգանք և անգամ կալանավորում:
 
Այս նորությունը աշխարհի երկրների մեծ մասում, չգիտես ինչու, գնահատել են որպես կատակ կամ որպես տխմար օրինաստեղծման ազդեցություն: Հայտնի է, որ ԱՄՆ տարբեր նահանգների օրենքներում կան կետեր, որոնք միայն հիվանդ երևակայությամբ կարող էին մտնել օրենսգիրք: Օրինակ, Միչիգանի նահանգում քրեական պատասխանատվություն է ենթադրվում հասարակական վայրերում ութոտնուկներ նետելու համար: Իսկ Վաշինգտոնի նահանգում մինչև օրս գործող օրենքի համաձայն՝ ցանկացած մարդ, ով այնտեղ է գալիս հանցագործություն կատարելու նպատակով, պարտավոր է նախօրոք զանգահարել ոստիկանություն և այդ մասին զգուշացնել կարգի պահապաններին: Համացանցի որոշ օգտատերերի կարծիքով՝ մոլի բուսակերների դեմ բրիտանական իշխանությունների պայքարը նման զառանցանքներից քիչ է տարբերվում:
 
Կարելի է նաև մտածել, թե Մեծ Բրիտանիայում կրծողների դեմ պայքարն այնքան արդյունավետ է եղել, որ կատուներն այնտեղ արդեն հարկավոր են միայն տերերին զվարճացնելու համար: Որովհետև միայն բույսերով սնված կատուն արդեն մուկ բռնելու համար պիտանի չի լինի և կդառնա ուղղակի դեկորատիվ չորքոտանի: