Հեռուստահաղորդավարներին հոլոգրամնե՞րը կփոխարինեն
Չինաստանի ազգային «Սինհուա» տեղեկատվական գործակալությունը վերջերս իր լսարանի շրջանում նորարարկան աշխատակարգ է փորձարկել: Դա հիշեցնում է գիտաֆանտաստիկ կինոնկար կամ անգամ հակաուտոպիական վեպ և ցուցադրում է մարդկային մշակույթի անկումը բարձր աշխատակարգերի զարգացման համապատկերին:
esoreiter.ru պարբերականը նշում է, թե շատ չինացիներ, դիտելով նորությունների ոչ վաղուցվա թողարկումները, անգամ չեն կասկածել, որ նոր հաղորդավարը բնավ այն չէ, ինչ թվում է առաջին հայացքից: Իսկ ահա առավել ուշադիր հանդիսատեսն անմիջապես նկատել է, որ բանախոսի շուրթերն ինչ-որ անբնական ու տարօրինակ ձևով են շարժվում: Նա նաև խոսելու ժամանակ դադար չի առնում, որպեսզի կրծքավանդակում օդ հավաքի, ասես բնավ չի շնչում: Դե, առոգանությունն էլ, մեղմ ասած, այնքան էլ արհեստավարժ չի եղել:
Արդեն մի քանի տասնամյակ է, որ մարդիկ տագնապում են, թե արհեստական բանականությունը երբևէ կսկսի խլել մարդկանց աշխատանքը: Բայց ո՞վ կարող էր մտածել, թե հեռուստահաղորդավարի աշխատանքը կդառնա մեծ մտապաշար պահանջող առաջին մասնագիտություններից մեկը, որը կսկեն հանձնարարել ռոբոտներին: Այո, դա կատակ չէ. ներկայացված տղամարդը բնավ էլ կենդանի մարդ չի եղել, այլ համակարգչային քայլաշար (ալգոռիթմ), որը ծրագրավորված է աշխարհի թարմ լուրերը հնչեցնելու համար:
«Սինհուա» հետռուստատեսության հաղորդավարների այս նորագույն «գործընկերը», համացանցի բազմաթիվ օգտատերերի կարծիքով, ահաբեկելու չափ իրական տեսք ունի:Արհեստական բանականությունը ոչ միայն նորություններն է ընթերցում, այլ նաև աչքերն է թարթում, գլուխն է օրորում և հոնքերն է բարձրացնում: Սակայն այս վիրտուալ հաղորդավարի ամենաարժեքավոր հատկությունը նրա հնարավորությունն է` աշխատել օրական 24 ժամ, շաբաթը 7 և տարեկան 365 օր: Ավելին, «ռոբոտը» կարող է միաժամանակ հաղորդումներ վարել տարբեր ալիքներով և վեբ-կայքերով` նույն պահին լուսաբանելով տարբեր իրադարձություններ:
ԱԲ ոլորտի չինացի փորձագետները համոզված են, որ նման նորամուծությունը հնարավորություն կտա էականորեն կրճատել հեռուստատեսությունների ծախսերը, որոնք արվում են հաղորդավարներին վճարելու համար: Աշխատակարգը անշեղորեն կզարգանա, և երբևէ վիրտուալ հաղորդավարը իսկականից չի տարբերվի: Նա կկարողանա «շնչել», շարժումներ անել, խոսել մարդկային առոգանությամբ և անգամ երբեմն կարկամել, որպեսզի հանդիսատեսը տպավորություն ստանա, թե էկրանի այն կողմում իսկական ճարտասան է:
Իսկ առայժմ նման նորամուծությունները հակասական արձագանքներ են առաջ բերում: Քիչ հանդիսատեսներ չեն հայտարարել, թե հոլոգրամն իսկական տղամարդու շատ է նման, սակայն նրա պահվածքն ու խոսքը մարդկայինից չափազանց շատ են տարբերվում: Հոգեբանության մեջ նման երևույթը կոչվում է «չարագուշակ հովտի տպավորություն»: Երբ մարդու նմանվող որևէ առարկա կամ էակ իրեն կենդանի անձնավորության նման չի պահում, դա ենթագիտակցորեն անհաղթահարելի տհաճություն է առաջացնում: