Ընկճախտի բուժում՝ անցած կյանքերի վերհուշով

Անգլիայի Չեշիր քաղաքից 57-ամյա Ջոանի պատմածը համացանցի սեփականությունն է դարձրել Mail Onlain-ը՝ նշելով, որ 1985թ. բժիշկը նրան կլինիկական դեպրեսիա՝ ընկճախտ է ախտորոշել:
 
- Ես ընկճվածություն ունեմ ծնված օրից՝ չնայած իրապես հրաշալի մանկությանս: Ես աշխարհում շատ եմ ճամփորդել որպես դիվանագետի դուստր, բայց միշտ մնացել եմ տխուր և ներամփոփ: Անգամ հաճելի բաներն էին ինձ ծանր թվում, դրա համար էլ միշտ դժգոհ էի կլինում առանց որևէ պատճառի: Ընկճվածությունս սաստկանում էր, երբ վատ բաներ էին պատահում և երբեք չէր անհետանում, անգամ երբ ամեն ինչ լավ էր լինում,- պատմել է Ջոաննը:
 
Կնոջ կյանքը փոխվել է 2017թ.՝ արդեն տարիքն առնելոց հետո: Այդ ժաանակ Ջոանը դիմել է լոնդոնցի փորձագետ Նիկոլաս Աույուլային, և մասնագետն Skipe-ի միջոցով նրա հետ հետընթաց թերապիայի բուժում է անցկացրել: Ընդամենը մի քանի ժամում Ջոանը վերհիշել է իր ապրած երկու վերամարմնավորում: 
 
Ղրիմի պատերազմը
 
Առաջին հիշողությամբ Ջոանն իրեն տեսել է 1850-ականների Ղրիմի պատերազմում՝ որպես զինվոր: Զորքերը ջախջախվել են, իսկ ինքը կենդանի է մնացել: Ճակատամարտի ժամանակ տղամարդն ընկել է ձիուց և հայտնվել նրա տակ: Թշնամին որոշել է, որ բոլորը մեռած են: Մեռած մարմինների շրջապատում ռազմիկը թախիծ է ապրել, մեղքի ահավոր զգացում է ունեցել, իսկ սրտում դատարկություն է տիրել: Նա մտածել է, որ պետք է ինքն էլ զոհվեր, որ ապրելու արժանի չէ: Ամոթի զգացումը ստիպել է վճիռ կայացնել: Եվ նա որոշել է այլևս տուն չվերադառնալ, որպեսզի այդ վիճակում չներկայանա ընտանիքին ու մանավանդ  բարձրաստիճան զինվորական պաշտոնյա իր հորը: 
 
Պատերազմից առաջ այդ մարդն ապրել է սովորական կյանքով, ամուսնացել է, դաստիարակել երեխաներին: Երբ պատերազմն սկսվել է, ճակատ է մեկնել՝ հայրենիքի հանդեպ պարտքից դրդված: 
 
Ընտանիքի գիրկը վերադառնալու փոխարեն զինվորը կյանքի մնացած մասն անց է կացրել բոլորից մեկուսացած, ճակատամարտի վայրից ոչ հեռու գտնվող բլրին կառուցված մի խրճիթում: Նա ճգնավորի կյանք է վարել, ոչ մեկի հետ չի շփվել, և հասարակության համար իրեն մեռած է համարել: 
 
Լորդի սպասուհի
 
Երկրորդ հիշողությամբ Ջոանն իրեն տեսել է որպես հարուստ լորդի սպասուհի՝ 1900-ականներին: Նա շատ է աշխատել, չի ունեցել ազատություն և խոսքի իրավունք: Աղջիկն իրեն անելանելի ծուղակի մեջ է զգացել: Մի ճակատագրական օր նրան բռնաբարել են երեք տղամարդ: Դա ավերել է նրա ներքին աշխարհը, և աղջիկն իրեն անչափ նվաստացած է զգացել: Հղիությունն անընդհատ հիշեցրել է պատահածի մասին, իսկ երեխան մահացել է ծննդաբերության ժամանակ: 
 
Այդ ամբողջ պատահածից հետո աղջիկն  ուշքի գալ չի կարողացել: Հոգին ասես համրացել է: Հուսահատված աղջիկն իրեն հրկիզել է: Այրվածքների պատճառով չի կարողացել աշխատել, և լորդը նրան ուղարկել է հոգեբուժական հիվանդանոց: Դժբախտի ոտքերն ու ձեռքերը կապել են մահճակալին՝ թողնելով մենակ և զրկելով սննդից, սիրուց ու հոգատարությունից: 
 
Վերամարմնավորումների մասին հիշողությունները
փոխել են կյանքի նկատմամբ վերաբերմունքը
 
- Եթե դուք ընկճախտ չունեք, դուք չեք հասկանա, թե դա ինչ բան է: Ամեն առավոտ արթնանալ՝ դողալով այն մտքից, որ դու դեռևս այստեղ ես: Սակայն հիշողություններն ինձ հարմարավետության գոտուց դուրս էին հանել: Բուժումից հետո ինձ այլ կերպ եմ զգում՝ դարձել եմ պակաս ամաչկոտ և առավել շփվող, այլևս աննկատ մնալու անհրաժեշտություն չեմ զգում… Արևոտ օրերին ուրախությամբ եմ վեր կենում, իսկ ցուրտ առավոտները մնում եմ անկողնում ու տաքանում… Սկսել եմ հետևել քաշիս, որովհետև ուզում եմ ավելի լավ լինել: Ինքս ինձ ավելի շատ եմ հավատում: 
 
…Ես հրաժարվել եմ ընկճախտը վերացնող դեղերից: Բուժումից հետո առավոտյան արթնացա թեթևության զգացումով, ինչպիսին առաջներում երբեք չէի ունեցել: Այդպես թեթև ու երջանիկ զգալն այնքան լավ էր: Հիմա ինձ հաբեր հարկավոր չեն, ես ավելի շփվող եմ դարձել և ապագային նայում եմ հույսով: 
 
…Երբեք չէի մտածել, թե իմ խնդիրները կապված են անցյալ կյանքիս հետ: Այդ հիշողություններն անհավատալիորեն իրական էին: Ես ինձ հետ քարշ էի տալիս հին բեռը, որն այժմ բաց եմ թողել... Հետընթաց բուժումը փոխեց կյանքի նկատմամբ իմ վերաբերմունքը: Որքան կուզեի, որ դա լիներ քառասուն տարի առաջ: Այդ դեպքում ես վաղուց արդեն երջանիկ կլինեի,- անկեղծացել է Ջոանը:
 
Ինչպես է գործում հետընթաց բուժումը
 
Բուժաժամի ընթացքում մարդը հիպնոսի ազդեցությամբ մտաբերում է անցած կյանքերը: Նիկոլաս Աույուլան բացատրում է, որ մահից հետո մարդու հոգին նոր կյանք է տեղափոխում անցյալի հետքերը: 
 
- Ընկճախտի ամեն մի դրսևորման դեպքում հիվանդը հիշում է անցած կյանքում ծանրացած որևէ վիշտ, թախիծ և մեղքի զգացողություն: Այդ փորձի կրկնակի վերապրումը հնարավորություն է տալիս հանել ընկճվածությունը,- պարզաբանում է Աույուլան: 
 
Փորձագետն ինքն իր անցած կյանքերը հիշել է 17 տարեկանում՝ տրանսի (հափշտակության) իրավիճակում: Տղան հասկացել է, որ մենք բոլորս այս կյանքից առաջ ապրել ենք և երբ վերհիշում ենք այն ժամանակվա հույզերը, ապա ազատագրվում ենք անցյալի սահմանափակումից: 
 
Ներկայացնելով այս ամենը, terrao.livejournal.com լրատվամիջոցը նաև հիշեցնում է մ.թ.ա. II դարի ինդուիստական գիտնական Փատանջալիի գրածը անցած կյանքերի կարմայի մասին, որը կրում է ամեն մի հոգի: Նշվում է, որ խնդիրները լուծելու համար հարկավոր է վերհիշել անցած կյանքերը: Ու շեշտում է՝ գիտաբուժարաններում աշխատող հոգեբաններն ու հոգեբույժները հետընթաց բուժումը չեն ընդունում: Նրանք համարում են, որ հիպնոսը կեղծ հիշողություններ է առաջացնում: