Ավտոարշավորդին հոր ուրվակա՞նն է փրկել

Ամերիկյան NASCAR հապավումով հայտնի ավտոարշավի կրկնակի մրցանակակիր Դեյլ Էրնհարդն օրերս անսպասելիորեն հիշել է մի զարմանալի դեպք, որն իր հետ պատահել է հեռավոր 2004թ.:
 
Ավտոարշավորդի հիշողությունը պայծառացել է «The Dale Jr. Download»-ի հերթական թողարկմանը հարցազրույց տալիս: Նա պատմել է, որ 14 տարի առաջ  մրցման ժամանակ ինքը մահացու վթարի է ենթարկվել և կարող էր իր արշավամեքենայի մեջ ողջ-ողջ այրվել, քանի որ մոտերքում մայրուղու վրա ոչ ոք չի եղել, որ իրեն օգնության հասներ:
 
Այնուամենայնիվ փաստ է, որ ավտոարշավորդին մեկը ավտոմեքենայից դուրս է քաշել: Ավելին՝ Էրնհարդը հիանալի հիշում է, որ այդ Մեկը բռնել է իր թևատակերից և այրվող մեքենայից հանելով՝ անվնաս հեռավորության վրա թողել է հողին պառկած: Կա դա հաստատող լուսանկար, որտեղ երևում է, որ ավտոարշավորդի կողքին իրոք ոչ մի կենդանի շունչ չկա:
 
Երբ Էրնհարդ կրտսերը հիվանդանոցում ուշքի է եկել, առաջինը ցանկացել է շնորհակալություն հայտնել այն մարդուն, ով իրեն մահից փրկել է: Դեյլն ենթադրել է, թե դա եղել է Սոնոմայի (Կալիֆորնիայի նահանգ) մայրուղում գտնվող օգնականներից մեկը, սակայն բժիշկները հայտարարել են, որ իրենք առաջինն են հասել նրա այրվող Corvette ավտոմեքենային, և այնտեղ ոչ մեկը չի եղել և չէր էլ կարող լինել: 
 
Ամեն ինչ վերլուծելով՝ Դեյլն իր հետ կատարվածի վերաբերյալ որոշակի պատկերացում է ձևավորել.
 
- Ես մտածում եմ, որ այդ ճակատագրական պահին ինձ փրկել է հայրս, որ 2001թ. զոհվել է «Դայտոն-500» ավտոմրցարշավի ժամանակ: Դրան ես էլ եմ մասնակցել և անգամ այդ պահին այնքան էլ հեռու չեմ եղել: Ես ավտոմեքենայիս հայելու մեջ տեսա, թե ինչպես է հորս սև «Շևրոլեն» զարնվում շրջադարձի հենապատին: Տվյալ իրավիճակում ողջ մնալու ոչ մի տարբերակ չկար: Իմ դեպքում ես ընդամենը մի քանի երկրորդ աստիճանի այվածք ստացա, քանի որ այրվող մեքենայի մեջ ընդամենը 14 վայրկյան էի մնացել: Վիճակս բժիշկներն այդպես մեկնաբանեցին: Շատերն այն կարծիքին են, թե այդ ես եմ մեքենայից ինչ-որ կերպ դուրս թռել: Բայց ես շատ լավ հիշում եմ, որ արդեն դա անելու ուժ չունեի, և միայն անդրաշխարհի օգնությունն է նպաստել, որ ողջ մնամ… 
 
Ասում են՝ հաճախ մարդկանց ողջ մնալու գործում պահապան-հրեշտակներն  են միջամտում: Միայն թե այդ վերին էակները սովորաբար «աշխատում են» կանխելու սկզբունքով: Նրանք կարող են մարդուն մահացու վտանգից փրկել, օրինակ, ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ նա ուշանում է ինքնաթիռից, որը տվյալ թռիչքի ժամանակ կործանվելու է: Մեռած մարդկանց ուրվականները (ավելի հաճախ՝ մերձավոր ազգականների) նույնպես հաճախ են օգնության գալիս, բայց այդ առեղծվածային առաքելության համար նրանք ասես ժամանակավորապես նյութականանում են: 
 
Այս ամենը հաղորդող esoreiter.ru պարբերականի հրապարակումը ենթադրում է, որ հենց այդպես էլ եղել է Դեյլ Էրնհարդ կրտսերի պարագայում: Եվ զարմանալի չէ, որ որդուն օգնության է հասել հենց ավտոարշավորդ հայրը: Գուցե նրա անհանգիստ հոգին թափառել է իր կործանման վայր մայրուղու վրա, կամ գուցե որդու գլխին գալիք աղետը կանխազգալով՝ հսկել է նրա բոլոր ավտոարշավները: Եթե հոգիների գոյությանը հավատանք, սրան հավատալը նույնպես անհնար չէ: Կամ էլ պետք է բյուրավոր նման պատմությունների համար առավել իրատեսական ու հիմնավորված բացատրություններ գտնել: