Եգիպտոսում դարձյալ Սֆինքս են հայտնաբերել

Գիզայի Մեծ Սֆինքսի մասին բոլորը գիտեն, դրա նկարները տարածված են ամենուրեք, և առյուծի մարմնով ու կնոջ գլխով առեղծվածային հսկա արձանը, որը մեր ժամանակակիցներին է ներկայանում կոտրված քթով, շատերի երևակայությունն է վառել:
 
Բայց քչերը գիտեն, որ բազմաթիվ մեծուփոքր սֆինքսներ ցրված են մոլորակով մեկ և ժամանակ առ ժամանակ հողի երես դուրս գալով՝ փորձում են մարդկանց համար բացահայտել նրա բնօրրանի անցյալի պատմությունը: Նման մի սֆինքս (այդպես են կոչվում առյուծի մարմնով և մարդու, թռչնի, կամ խոյի գլխով արձանները) օրերս հայտնաբերվել է Լուքսորում:
 
Ինչպես հաղորդում է Youm7 պարբերականը, այն գտնվել է միանգմայն պատահաբար: Լուքսորից սկսվող Սֆինքնսների ճեմուղու վրա սկսել են նոր ճանապարհ կառուցել, ինչի շնորհիվ էլ հենց հողի տակից դուրս է եկել արձանը, որը սֆինքսի դասական կերպարանք ունի՝ մարդկային գլուխ և առյուծի մարմին:
 
Ուշագրավ է, որ գտածոն դեռևս հողի երես չի հանվել, քանի որ հնագետները վախ ունեն, թե միջավայրի կտրուկ փոփոխության պատճառով հին արձանը կվնասվի: Նման գործելակերպն այդպես է հիմնավորել  Եգիպտոսի տվյալ գավառի հնությունների գծով վարչության ղեկավար Մուհամեդ Աբդել Ազիզը:
 
Մարդկության պատմությունը շարադրողները սֆինքսների քանդակագործության ավանդույթի ակունքները գտնում են Հին Եգիպտոսում, որտեղից այն ընդօրինակվել է Հին Հունաստանում և Հռումեական կայսրությունում, ապաև տարածվել ամբողջ աշխարհում: Որոշ անկախ հետազոտողներ կարծում են, որ միանգամայն հնարավոր է՝ մեր քաղաքակրթության արշալույսին այնպիսի կենդանիներ գոյություն ունեցել են, ու նաև չի բացառվում՝ նրանք օժտված են եղել գերբանականությամբ ու ներգործել են մարդկության զարգացման վրա: Միայն չեն կարողանում բացատրել, թե դրանք որտեղից են Երկրի վրա հայտնվել և այնուհետև ուր են անհետացել՝ իրենց հետևից լոկ քարերին դաջված հուշ թողնելով: