Երբ մարդ խոսում է երբևէ չսովորած լեզվով

3 տարեկան արաբ մի մանչուկ՝ Օ’Նիլ Մահմուդ անունով, հանկարծ սկսել է խոսել անգլերեն, այն էլ՝ ամենամաքուր բրիտանական շեշտադրությամբ:
 
Երեխան ծնողների հետ ապրում է Գոլանի բարձունքներում, պատկանում է դրուզների էթնոդավանանական խմբին, որտեղ հաղորդակցվում են բացառապես միայն արաբերենով:
 
Մահմուդը երբևէ որևէ անգլալեզու հեռուստահաղորդում է դիտել, ոչ ռադիոյով, ոչ էլ գրքերից անգլերեն խոսքի հետ չի առնչվել: Այդ պատճառով էլ թե՛ նրա հարազատների, թե՛ հրավիրված փորձագետների և լրագրողների համար իսկական առեղծված է, թե նախադպրոցական երեխան որտեղի՞ց է անգլերեն սովորել:
 
Եվ սակայն՝ համաշխարհային պատմության մեջ, ինչպես  kramola.info պարբերականն է նշում՝ սա բնավ էլ եզակի դեպք չէ: 
 
Այս երեխան, որ նոր միայն սովորել է խոսել, հանկարծ սկսել է անգլերեն բառեր ասել, որոնք այդ լեզուն չիմացող նրա ազգականները չեն հասկացել: Այժմ Մահմուդը արաբերեն է սովորում, սակայն մայրենի լեզվի նրա գիտելիքներն զգալիորեն զիջում են անգլերենի իմացությանը: Երեխան արդեն մանկապարտեզ է հաճախում, որտեղ անգլախոս դաստիարակչուհի ունի, և նրա հետ ազատորեն շփվում է: Իսկ ահա հասակակիցների հետ տղան գործնականում չի շփվում, ինչը նրա ծնողներին և մնացած ազգականներին շատ է մտահոգում:
 
Հարահոգեբանության մեջ այդ երևույթը կոչվում է քսենոգլոսիա (քսենոֆոբիան օտարամերժությունն է, իսկ glossy բառի նշանակություններից մեկն է՝ փայլուն թղթին տպագրված ամսագիր, որտեղից էլ կարելի է պատկերացում կազմել եզրաբառի իմաստի մասին): Գոյություն ունեն պաշտոնապես փաստաթղթավորված բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ հանկարծակի սկսել են խոսել լեզուներով և բարբառներով, որոնք նրանք երբեք չեն ուսումնասիրել: Պատահել է՝ անգամ մեռած լեզուներով, որոնցով արդի աշխարհում արդեն ոչ ոք չի խոսում: Եվ նույնիսկ՝ գոյություն չունեցող լեզուներով: Ենթադրվում է, որ դրանք ինչ-որ տեղ երբևէ խոսվել են, սակայն որոնց իսկությունը արդի գիտությունը հաստատել չի կարող: 
 
Հոգիների վերաբնակեցման կողմնակիցները համարում են, որ մարդն ինչ-որ անհասկանալի պատճառով այդ կերպ հիշում է իր նախորդ կյանքը: Այլոց կարծիքով՝ մարդը նախնիների լեզուն հիշում է գենետիկական մակարդակում, և դրանք դարձյալ ինչ-որ հրաշքով դրսևորվում են: 
 
Այսպես թե այնպես՝ սա միանգամայն ուշագրավ երևույթ է, որն առայժմ տրամաբանական բացատրություն չունի: Հնարավոր է՝ փոքրկ Օ’Նիլը գիտնականներին հնարավորություն կընձեռի լույս սփռել տվյալ երևույթի բնույթի վրա: Կամ էլ թեկուզ մեկ կաթիլ գիտելիք ավելացնել մարդկանց համար տարօրինակ և միանգամայն եզակի երևույթի վերաբերյալ, որն ի վերջո կմոտեցնի նրա բացահայտումը: 
 
Մի կողմից թվում է՝ արաբ մանչուկի համար սա ի վերուստ ուղարկված պարգև է: Սակայն եթե նկատի ունենանք, որ արդեն երեք տարեկանից նրա գլխին են թափվել լրագրողները, փորձագետները, գիտնականները, իսկ ինքն իր հասակակիցների հետ շփվել չի կարողանում, ապա Մահմուդի համար այստեղ կարծես թե ուրախանալու քիչ բան կա: Գոնե առայժմ: