Նախաճաշ անգո ռեստորանում

Ռոդ-Այլենդ նահանգի բնակիչ Պոլ Կալիցոյի հետ 23 տարի առաջ պատահածը նրան հանգիստ չի տալիս մինչև օրս, և նա դեռևս չի կարողացել առեղծվածի համար մի տրամաբանական բացատրություն գտնել: esoreiter.ru կայքը ներկայացրել է այն ամենը, ինչ ամերիկացու հետ տեղի է ունեցել 1995թ. Նյուպորտ քաղաքում:

Պոլն այդ քաղաքում հաճախ էր լինում, ուր հասնում էր ընդամենը 45 րոպեում, որտեղ նրան գրավում էին պարբերաբար անցկացվող մարզանավերի մրցումները: Նա սովորություն ուներ նախաճաշել Նյուպորտի Newport Creamery կոչվող սրճարան-ռեստորանում, քանի որ թուլություն ուներ ամեն տեսակի փքաբլիթների, վաֆլիների, տաք շոկոլադի, ելակի աղանդերի, այլևայլ անուշեղենի նկատմամբ: Նշված անգամը նա Նյուպորտ էր ժամանել իր ընկեր Քենիի հետ, և նրա հետ էլ որոշում է նախաճաշելու գնալ իր նախընտրած ռեստորանը: Ընկերները ավտոմեքենայով հասնում են Ամերիքաս Քափ Ավենյու փողոցի Շել (խեցի) անունով  ավտոլիցքավորման կետին, որից քիչ այն կողմ իրենց նպատակակետ ռեստորանն է: Պոլը հանկարծ նկատում է դեպի զուգահեռ փողոց տանող և իրեն բոլորովին անծանոթ մի անցուղի:

- Այդտեղից երևում էին ափի մի հատվածը և ջրի վրա լող տվող առագաստանավեր: Այդ ամենն այնքան գեղեցիկ էր, որ մենք մեքենայից դուրս եկանք և ուղղվեցինք դեպի այդտեղ: Մտածում էինք, թե հայտնվել ենք քաղաքի գործարար հատվածում, որտեղ  ես երբեք չէի եղել: Մինչև օրս հիշում եմ այդ աշխույժ փողոցը և անգամ ավտոբուսի կանգառը,- պատմել է Պոլը:

Պոլի և Քենիի ճանապարհին մի քանի ռեստորան է եղել, մեկի վրա երևացել է Newport Creamery գրությունը (բնականաբար` դա պետք է նույն ընկերության մեկ այլ ձեռնարկություն լիներ): Ընկերները ներս են մտնել և համոզվել են, որ այնտեղ ուտեստները նույնքան հիանալի են, որքան օվկիանոսի վրա բացվող տեսարանը: Ափին զբոսնելիս են եղել երջանիկ մարդիկ, ալիքների վրա ճոճվել են ճերմակ առագաստներով զբոսանավերը: Հովվերգություն, ուրիշ ոչինչ… Պոլին այնքան է դուր եկել այդ տեղը, որ որոշել է անպայման այդտեղ գնալ կնոջ հետ: 

Տանը նա կնոջն իր տպավորությունների մասին այնքան ոգևորված է պատմել, որ որոշել են առաջիկա շաբաթ օրն այցելել այդ հրաշալի վայր: Երեք օր անց Կալիցո ամուսնական զույգը ուղևորվել է Նյուպորտ: Ինչպես որ հարկավոր էր` նրանք Ամերիքաս Քափ Ավենյու փողոցից թեքվել են, հասել ավտոլիցքավորման կետին… Սակայն նրանից այն կողմ չեն գտել ոչ մի անցուղի, որն առաջնորդեր դեպի աշխույժ և գեղեցիկ փողոցը: Շփոթահար ու ոչինչ չհասկացող Պոլը մի քանի անգամ այդտեղով անցել է, պտույտներ գործել, փնտրել, սակայն այդպես էլ ոչինչ չի գտել:

- Այնտեղ, որտեղ մի քանի օր առաջ հոյակապ տեսարան էր բացվում դեպի օվկիանոս, լոկ ֆուտբոլի դաշտի ամայությունն էր, մեկ էլ` բնակելի տներ: Կես ժամ անց ես որոնումները դադարեցրի,- խոստովանել է նա:

Հետագայում էլ Պոլը շատ անգամներ է փորձել գտնել խորհրդավոր փողոցը, որտեղ Newport Creamery ռեստորանն է եղել: Ոտքով քանիցս կտրել-անցել է ենթադրյալ շրջանը` հուսալով հայտնվել «առափնյակի գործարար կենտրոնում», բայց` անօգուտ: Մի՞թե ամեն ինչ զգայապատրանք է եղել: Դա ստուգելու համար Պոլն ի վերջո դիմել է իր ընկեր Քենիին, և նա մինչև ամենաանշան մանրուքը հիշել է այն ամենը, ինչ իրենց հետ կատարվել է «անհետացած փողոցում»:

2000թ., երբ Պոլը համակարգիչ է ձեռք բերել, պարզել է այն բոլոր հասցեները, որոնցում Newport Creamery ընկերության ռեստորաններ են գործում: Ձեռնարկությունը, որտեղ նա պարբերաբար նախաճաշում էր, շատ արագ գտնվել է, սակայն ամբողջ Նյուպերտում ուրիշ ոչ մեկը չի եղել: Դրանից 16 տարի անց էլ այնպես է պատահել, որ Պոլը հանդիպել է Նյուպորտը շատ լավ իմացող մի պաշտոնյայի հետ, ով անվարան հայտարարել է, թե իրենց  քաղաքում  Newport Creamery-ի որևէ այլ ռեստորան չկա և չի էլ եղել: Պոլն սկսել է հակվել այն մտքին, որ շատ տարիներ առաջ ինքն ընկերոջ հետ ժամանակավորապես տեղափոխվել է այլ` զուգահեռ չափում: Ու նաև չի թաքցրել.

- Այդ մտքին հանգելով` ես դարձյալ բազմիցս փորձել եմ այնտեղ ընկնել, և այդ նպատակով  շատ եմ շրջել Ամերիքաս Քափ Ավենյու փողոցում: Այն ֆանտաստիկ անցումը, սակայն, որն ուղղորդում է դեպի այլ` մերին շատ նման  աշխարհ, այդպես էլ ինձ համար չբացվեց:

Կարելի է ասել` Պոլի հետ պատահածը ճակատագրի պարգև է եղել, որը նրա հետագա կյանքը զարդարել է հաճելի զգացողություններով, անմոռաց հիշողություններով և խորհելու, որոնելու, ճշմարտությունը բացահայտելու ջանքերի պատեհությամբ: Հնարավոր է` զուգահեռ չափումները, եթե կան, նաև նման դերակատարում ունեն: