Անսահմանության սահմաններից անդին

ՏԻԵԶԵՐՔԸ` ԸՍՏ ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳԻ

Բրիտանացի հանրահայտ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի մասին նրա կենդանության օրոք էլ շատ էին խոսում, իսկ մահից հետո հրատարակված նրա աշխատությունը, կարելի է ասել, խառնել է տիեզերքի մասին գրեթե բոլորի պատկերացումները:  Տեսական ֆիզիկայի և տիեզերագիտության մասնագետը կյանքից հեռացավ այս տարվա մարտի 14-ին, իսկ նրա վերջին աշխատությունը «Journal of High Energy Physics» (որ կարելի է թարգմանել «Բարձր էներգիաների ֆիզիկայի ամսագիր») գիտական հանդեսը հրապարակեց իր մայիսի 3-ի համարում:

Ինչպես տեղեկացնում է esoreiter.ru պարբերականը, իր այս վերջին աշխատանքում 76-ամյա գիտնականը վերաիմաստավորել է Մեծ պայթյունի հետևողական վարկածը և ներկայացրել Տիեզերքի մի զարմանալի նմուշ, որը մղում է աշխարհաստեղծումը դիտել միանգամայն այլ տեսանկյունից: Ստորև բերվում են Հոքինգի այն հիմնական գաղափարները, որոնք կարող են հիմնովին փոխել մարդու` տիեզերքին առնչվող պատկերացումները, համոզմունքները, գուցե անգամ զգացողությունները:

Տիեզերքից դուրս բացարձակ դատարկություն է

Երկար ժամանակ Հոքինգը տեսակետ էր հայտնում, թե Տիեզերքն ընդլայնվում է անսահմանորեն: Նրա նոր աշխատանքը, սակայն, բացահայտում է, որ նա փոխել է իր կածիքն այդ հարցի վերաբերյալ:

Կյանքի վերջին տարիներին հետազոտողը համոզված է եղել, թե գոյություն ունի սահման, որից այն կողմ տիեզերքն ավարտվում է: Իսկ այդ սահմանից այն կողմ, իբր, բացարձակ դատարկություն է, որտեղ չկա ո՛չ լույս, ո՛չ նյութ, ո՛չ տարածություն, ո՛չ էլ անգամ ժամանակ: Ցավոք, մարդկային միտքն ի զորու չէ լիովին ըմբռնել նման դատարկությունը, սակայն մենք կարող ենք առաջ քաշել ենթադրություն, թե դա ինչ բան է և ինչ օրենքների է ենթարկվում:

Սթիվեն Հոքինգի զուգահեռ աշխարհները

Կյանքի վերջին տարիներին բրիտանացին լրջորեն հետաքրքրվել է բազմատիեզերքի (մուլտիտիեզերք) տեսությամբ, որը գիտության լուսատուները մշակում են արդեն ավելի քան 30 տարի: Գիտնականները ենթադրում են, որ միաժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ Մեծ պայթյուններ, որոնցից յուրաքանչյուրը նոր աշխարհի սկիզբ է դարձել:

Իսկ եթե դա այդպես է, ապա մենք ապրում ենք բազմաթիվ (անգամ անթիվ) զուգահեռ իրականություններից մեկում: Որոշ ժամանակ առաջ Հոքինգն ասել էր, թե առանձին աշխարհներում գործում են ֆիզիկայի տարբերվող օրենքներ, սակայն հետո հակվեց այն կարծիքին, որ զուգահեռ տիեզերքներում ֆիզիկայի օրենքները միանգամայն նույնական են: Այդպիսով, հետազոտելով մեր իրականության գործընթացները` տեսականորեն կարելի է ուսումնասիրել նաև մյուս աշխարհները:

Տիեզերքը հարթ հոլոգրա՞մ 

Իր աշխատանքում Հոքինգը նաև ապացուցում է, որ մեր Տիեզերքը մի բարդ հոլոգրամ` եռաչափ պատկեր է: Գիտնականը հանգել է եզրակացության, որ մեզ համար տեսանելի տարածական իրականությունը իրականում պատրանք է: Այլ խոսքով` եռաչափ իրականությունը (ներառյալ տարածությունն ու ժամանակը) արտապատկերվում են այն տվյալներից, որոնք կան երկչափ հարթությունում: 

Ելնելով նման վարկածից` կարելի է ենթադրել, որ Տիեզերքն ընդամենը արտապատկեր է` ծագած մի խորհրդավոր երկչափ հատվածում, որը գոյություն է ունեցել Մեծ պայթյունից դուրս: Պարզ ասած` մեզ շրջապատող միջավայրը կարելի է համեմատել թղթի վրա նկարված զուգահեռանիստի հետ, որը միայն թվում է եռաչափ, սակայն իրականում այդպիսին չէ:

Ցավոք` Հոքինգի վարկածն այն մասին, թե ինչ-ոչ տեղ գոյություն ունի այսպես կոչված «նախաստեղծ հարթություն», դժվար թե հնարավոր լինի ապացուցել փորձով: Դրա պատճառն էլ, համաշխարհային մեծության ուրիշ գիտնականների կարծիքով, ծայր աստիճանի պարզ է` եթե տիեզերքն իրոք հարթ է, և նրա եռաչափության տպավորությունն առաջանում է շնորհիվ հատուկ քայլաշարի (ալգոռիթմ), ապա իրոք տարածական իրականության համար նախատեսված օրենքներն ու հաշվարկները նման իրականության նկատմամբ կիրառելի չեն:

Իհարկե, այն, ինչ գրել է տեսաբան Սթիվեն Հոքինգը, հնարավոր է` տեսության սահմաններում էլ մնա և երբեք գործնականում չհաստատվի: Չէ՞ որ ապացուցված է համարվում բնության այն երևույթը, որը հնարավոր է եղել փորձով հաստատել: Թեև քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ պարզվել է, որ փորձը խաբուսիկ է եղել: Ամեն դեպքում` գիտությունն ու դրա գաղտնիքները բացահայտելու հնարավորությունները գնալով զարգանում են, և ո՞վ իմանա` գիտության  անխոնջ մշակները վաղն ի՞նչ աներևակայելի վարկածներ կհրամցնեն մարդկությանը` հերքելով զարգացման հաջորդ փուլի «լուսատուները»: