Որ «հանգստացնեն կանացի առույգությունը»
ԿԱՆԱՆՑ ԹԼՊԱՏՈՒՄԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Պարզվում է, որ Դաղստանում տասնյակ հազարավոր կանայք ենթարկվել են իրենց անդամալույծ դարձնող վիրահատության:
Առժամանակ առաջ «Ռուսաստանի իրավական նախաձեռնություն» կազմակերպությունը հրապարակել է ապշեցնող հետազոտություն՝ Դաղստանում կանանց թլպատման փորձի վերաբերյալ: Պարզվել է, որ այստեղ 1-3 տարեկան աղջիկ երեխաներին թլպատում են և հեռացնում են ծլիկը, որպեսզի, ինչպես ասում են տեղի կրոնական առաջնորդները, «հանգստացնեն նրանց կանացի առույգությունը»:
Ինչպես գրել է JAMnews-ը՝ Հետազոտություն անցկացնելը շատ բարդ է եղել, գրում են հեղինակները: Հարցմանը մասնակցած կանայք չեն ցանկացել խոսել իրենց անդամալույծ դարձրած վիրահատությունների մասին՝ դա անվանելով «անձնական կյանք» և «կրոնական ավանդույթ»:
Արդյունքում հաջողվել է հետազոտության մեջ ներգրավել 19-70 տարեկան 25 կին՝ սոցիալական տարբեր կարգավիճակներով. թոշակառուներ, տնային տնտեսուհիներ, ուսանողներ, փաստաբաններ, ինժեներներ, առևտրի ոլորտի աշխատակիցներ: Արդյունքում պարզվել է, որ նրանք բոլորն էլ թլպատման վիրահատության են ենթարկվել:
Պարզվել է, որ հանրապետությունում աղջիկներին թլպատման ենթարկում են հիմնականում վաղ հասակում՝ մինչև 3 տարեկան դառնալը: Աղջիկների ծլիկն ամբողջությամբ հեռացվում է կամ կատարվում է վիրահատություն:
Կենտրոնական մզկիթի իմամը կարճ բացատրել է՝
- Գլխավորը աղջկա մեջ սեռական հակումը և զգայունությունը սպանելն է:
Հետազոտության հեղինակները, հիմնվելով ՄԱԿ-ի և այլ միջազգային արձանագրությունների վրա՝ այսպես են որակել անդամալույծ դարձնող վիրահատությունները.
- Սարսափելի, վայրի, վնասաբեր, այլասերված փորձ է… Նման վիրահատությունների անցկացումը… իրենից ներկայացնում է խտրականության և բռնության ծայրահեղ ձև: Դրանք խախտում են [կանանց] առողջության, անվտանգության, ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքները, կտտանքներից և դաժան, անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, ինչպես նաև կյանքի իրավունքը այն դեպքում, երբ այդ վիրահատությունները հանգեցնում են մահվան:
Սա իրավապաշտպանների գնահատականն է: Ի՞նչ են մտածում նման վիրահատությունների մասին իրենք՝ կանայք, ինչպես նաև տեղի փորձագետները և իշխանությունները:
Կանայք
Գրեթե բոլորն ասել են, որ լիովին պաշտպանում են այդ ավանդույթը:
Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ իրենց աղջիներն արդեն անցել են այդ վիրահատությունը կամ պատրաստվում են դա անել:
- Բոլոր կին մուսուլմանները պետք է դա անեն: Առանց դրա հնարավոր չէ դառնալ մուսուլման:
- Ինձ արել են, ես էլ եմ արել իմ երեխաներին և թոռներին:
Կարելի է ենթադրել, որ հարցման մասնակիցների համար թլպատման ենթարկվելը նշանակում է ընդունել և ապացուցել իրենց պատկանելությունը համայնքին: Աղջկան թլպատման տանել՝ նշանակում է պաշտպանել ընտանիքի հեղինակությունը և դրանով ապահովել տոհմի շարունակությունը, ասվում է հետազոտության մեջ:
Առանձին դեպքերում միայն որոշ հարցման մասնակիցներ հայտնել են, որ հնարավորություն կա չհետևել այդ ծեսին՝ «Ոմանք թլպատում չեն կատարում»: Սակայն հետազոտության ընթացքում այդպիսի կարծիքներ շատ քիչ են հնչել, և գլխավորապես նման կարծիքներ հայտնել են հարթավայր տեղափոխված կամ միջէթնիկական ամուսնության մեջ գտնվող կանայք, այսինքն մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով առանձնացել են մեծ ընտանիքից:
Փորձագետներ
Փորձագետների արձագանքը հիմնականում երկու մասի է բաժանվում:
Մի մասը զարմանքով է լսել կանանց թլպատման վերաբերյալ հարցը և ասել, որ նման բան չեն լսել: Մյուսները վրդովմունք են հայտնել.
- Նրանք մարդուն զրկում են երջանկությունից: Դա վայրենություն է: Դա դեմ է բնությանը:
Բժիշկ-փորձագետները նշել են այդ գործընթացի դաժանությունը և վտանգները: Դատական բժշկական փորձագետը հաստատել է, որ դա «կարելի է որակել որպես առողջությանը վնաս հասցնել… Կարող են վարակներ լինել: Առավել ևս, սանիտարական պայմաններ չկան: Անգամ տղաների մոտ եղել են լուրջ և անուղղելի խնդիրներ, երբ թլպատումն իրականացվել է ոչ բժիշկների կողմից»:
Փորձագետ-իրավաբանները նշել են, որ թլպատումը «հանցագործություն է առողջության դեմ, բայց դա տեղական խնդիր է և օրենքով չի կարգավորվում»: Ահա փորձագետներից մեկի կարծիքը.
- Ես ընկերուհիներիցս լսել եմ… այդ գործընթացի մասին: Նրանք կորցրել են սեռական հակումը:
Պետական ծառայողներ
Խնամքի և հոգաբարձության մարմինների փորձագետ-աշխատակիցներն ասել են, որ նման խնդիրների հետ չեն աշխատում. «առանց դրա էլ խնդիրները շատ են»:
Կանանց կազմակերպություններից մեկում նշել են, որ՝
- …այն ինչ գրված է Ղուրանում… մեր կրոնում, մենք չենք քննարկում, այլ կատարում ենք, ով ինչպես կարող է. դա, այսպես ասած, ցանկալի է, շատ ցանկալի է, բայց պարտադիր չէ:
Դաղստանում երեխաների իրավունքների հարցերով պատասխանատու Ինթիզար Մամութաևը խնդիրը մեկնաբանել է այսպես. «Մենք հարցում ենք ուղարկել կրթության նախարարություն ու իրավապահ մարմիններին: Մենք հայտարարել ենք, որ դա… երեխայի իրավունքնրի խախտում է և… բռնություն անչափահասների նկատմամբ»:
Կրոնական կառույցներ
Ե՛վ հարցման մասնակիցները, և՛ փորձագետները հաճախ թլպատման անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ դա կարգադրված է իսլամում: Սակայն կրոնական փորձագետների կարծիքները միանշանակ չեն:
Այսպես, սալաֆիական մզկիթի իմամը նշել է, որ «դա պարտադիր չէ և հակասական է»:
Կումիկական մզկիթի իմամը նշել է, որ աղջիկների թլպատումը պարտադիր չէ և նույնիսկ ցանկալի չէ՝ բացատրելով, որ չի կարելի առողջությանը վնաս հասցնել և վնասել մարդու օրգանները:
Միևնույն ժամանակ, Մախաչկալայի մզկիթի իմամը հայտարարել է. «Եթե այն [թլպատումը] չկատարվի, մեղքի տակ կընկնես»:
Ընդհանուր առմամբ, հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ անդամալույծ դարձնող վիրահատությունների թեման տաբու է, սակայն պաշտոնական և ազդեցիկ հոգևորականությունը պաշտպանում է այդ փորձը և քարոզում աղջիկների թլպատումը՝ որպես պարտականություն: