Երեխաներ են մատաղում անձրևի ոգիներին
Կախարդ ասվածը նաև չարի իմաստ ունի: Այլ կերպ չես «մեծարի» իրենց ամենակարող հռչակած ուգանդացի այս մարդակերպներին, ովքեր երեխաներ են սպանում, որ անձրև տեղա:
Վերջին կես դարում սարսափելի երաշտն է պատուհասել աֆրիկյան Ուգանդա պետությանը` ավելի քան 1,5 միլիոն մադու սպառնալով սովահարությամբ: Եվ անզորությունից հավանաբար բանականությունը կորցրած բնակիչները հավատում են, որ միայն ոգիները կարող են իրենց անձրև պարգևել:
Ու որպեսզի անձրևաբեր ոգիների աչքը քաղցրացնեն իրենց երկրի վրա` Ուգանդայի կախարդները երեխաներին են զոհաբերում (գրել է Religion news service-ը):
Միայն սեպտեմբերին երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են 44 հոգու, ովքեր կասկածվում են ծիսական սպանություններ կատարելու մեջ: Եվ նրանցից մեկն արդեն խոստովանել է ութ սպանություններ:
Ուգանդայի համար նման «մատաղները» հազվադեպ չեն: 2015-ին, օրինակ, հայտնաբերվել են 7 երեխաների և 6 մեծահասակների, իսկ 2016-ին` յոթ երեխայի և երկու մեծահասակի աճյուններ: Դրանք զրկված էին ականջներից, ատամներից, շուրթերից և սեռական օրգաններից:
Ոստիկանությունը կարծում է, որ Ուգանդայում ծիսական սպանությունները շատ ավելին են, բայց ոչ բոլոր մարմինները հայտնաբերվել են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոզամբիկում կախարդները ճաղատ տղամարդկանց որս են սկսել: