120-ամյա Չարենցի հավերժությունը

«Աշխարհում բարու դիմակի տակ հաճախ չարն է թաքնվում»

Արդեն կայուն ավանդույթ է դարձել` ամեն տարի մարտի 13-ին` Եղիշե Չարենցի ծննդյան օրը, նրա արվեստի երկրպագուները հավաքվում են նրան նվիրված հուշակոթողի մոտ, խնկարկում հիշատակը: Իսկ այս տարին, ըստ էության, հոբելյանական է` լրանում է  մեծ Բանաստեղծի 120-ամյակը:

Ապրած քառասուն տարիների ընթացքում հայ գրականության մեջ իր անջնջելի խոր հետքը թողած, գրական կյանքի կազմակերպման մեջ մեծ ավանդ ունեցող ու ողբերգական վախճանով աշխարհից հեռացած Բանաստեղծին, սակայն, այսօր կարծես թե միայն նրա գրական ստեղծագործությունները գնահատողներն են հիշում: Մինչդեռ թվում էր` այս տարին պետք է չարենցյան հայտարարեր, դպրոցներն ու բուհերը, տարբեր կազմակերպություններ ապրեին Չարենցի շնչով, քաղաքներում ու գյուղերում միջոցառումներ կազմակերպվեին` վեր հանելով, նորից ներկայացնելով նրա ստեղծագործության ու կյանքի այնքան կարևոր դրվագները: Սակայն երևում է` ընտրապայքարն այնքան թեժ է, որ Չարենցի համար տեղ չի մնացել: Սա, իհարկե, չի նշանակում, թե Բանաստեղծին այսօր քիչ հիշեեցին. հենց միայն համացանցն ու գրականության ուսուցիչները բավական են, որպեսզի որևէ արժեքավոր գործիչ չանտեսվի: Միայն թե` այդ ամենը համարժե՞ք  է արդյոք Չարենցի ոգուն ու գործին: 
Բանաստեղծի, ընդհանրապես մտածող մարդու ասելիքի ազդեցության մասին Չարենցի տողերը երբեք արդիականությունը չեն կորցնի.
Թե ուզում ես խոսքդ լսեն, ժամանակիդ շո՛ւնչը դարձիր,
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր քո օրերին ու քո դարին:  

            «Աշխարհում բարու դիմակի տակ հաճախ չարն է թաքնվում»
Նա եղավ այն մեծ մտածողներից մեկը, ովքեր ոչ միայն իրենց դարի շունչը դարձան, այլև աչքի ընկան «նշանի ահագնությամբ, որ հանճարներ է սերում»: Մեր ժամանակներին հիմա որքան շատ է պակասում դարն ընկալելու և նշանի ահագնությամբ այն վեր հանելու կարողությանը: Աշխարհը հիմա գլորվում է «կառավարելի քաոսի» անդունդը, որից էլ գուցե մեզ զգուշացնում էր Եղիշե Չրենցը:
Մեր հասարակության շրջանում շատերին նաև հետաքրքրում է, թե որտեղից է առաջացել Եղիշե Սողոմոնյանի Չարենց կեղծանունը: Ահա թե այդ մասին ինչ է գրում «Վիքիպեդիան».
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի` բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը(Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»:
«Աշխարհում բարու դիմակի տակ հաճախ չարն է թաքնվում»: Սա չէ՞, որ իսկնևիսկը մեր օրերի բնութագիրն է: Ահա սրա շնորհիվ է, որ Չարենց բանաստեղծ-մտածողը միշտ էլ իր երկրպագուներն է ունենալու` անկախ նրանից, թե տարբեր ատյաններ նրան հիշելու-մեծարելո՞ւ են, թե՞ ոչ: