Երկխոսություն երրորդի համար

«ԸՍՏ ԻՍ՝ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ 20-ՐԴ ԴԱՐՆ Է ԵՂԵԼ»

Մարտի 11-ին ծննդյան 88-ամյակն էր տոնում ՀՀ վաստակավոր արտիստուհի, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, Կալիֆորնիայի հայ գրողների միության և Մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ, Հայ դրամատուրգների միության և Երգիծաբանների համահայկական միության անդամ Բյուրեղիկ Սաղաթելի Մնեյանը։ Բյուրեղյա, մաքրամաքուր հոգու տեր, ներքին ազնվականությամբ փայլող արտիստուհու հետ իմ շփումներից մեկը որոշեցի դարձնել հանրային, որպեսզի արվեստասեր ընթերցողն էլ տեղյակ լինի արտիստուհու մտածումներից․․․
 
- Սիրելի տիկին Բյուրեղիկ, հաշվի առնելով մեր անձնական մտերմությունը, և այն, որ ես լրագրող չեմ, մեր զրույցը կոչենք ոչ թե հարցազրույց, այլ հոգեհարազատների զրույց, այսպես ասած՝ երկխոսություն երրորդի համար… 
 
Նշվեց Ձեր ծննդյան 88 ամյակը։ Պատկառելի տարիք, դարաշրջանների համաձուլվածք, սրան զուգահեռ դասականություն, որը չգիտեմ` նախորդ դարի՞ց եք բերել, թե՞ եղել է միշտ ու կլիներ՝ անկախ ժամանակաշրջանից։ Այս դասականությունը մեզ շատ է պակասում այսօր։ Ներքին այդ ազնվականությունը շատ քչերն ունեն՝ անգամ ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում։ Ձեր տարիքն ինձ ու իմ սերնդակիցներին թվում է անհասանելի բարձունք։  Ի՞նչ է տարիքը Ձեզ համար…
 
- Ինձ համար տարիքը հասունություն է. դա է վկայում այն, որ երբեմն ինքս ինձ ասում եմ. «Այս խելքս այն ժամանակ լիներ»: Ասում են՝ տարիքը մարդուն փորձառու է դարձնում: Բայց արդյո՞ք այդպես է: Կարծում եմ՝ ոչ միշտ: Յուրաքանչյուր ոք, իհարկե, տարիների ընթացքում փորձ է ձեռք բերում, բայց ի ծնե ժառանգած բնավորության գծերը լիովին չեն անհետանում: 88 տարեկան եմ, բայց բնավորությանս մեջ անմիջական, միամիտ գծերը դեռ պահպանվել են: Վաստակածս տարիների հետ, կյանքը մի ակնթարթ է դարձել: Մարդ այս աշխարհում միմիայն բարի անուն պիտի թողնի:
 
- Դուք բեմ եք բարձրացել 20-րդ դարի երևելի շատ արտիստների հետ։ Այն ժամանակ նրանք Ձեր խաղընկերն էին, այսպես ասած՝ շոշափելի էին։ Հիմա հետահայաց նայելով՝ ի՞նչ կասեիք նրանց, որ այն ժամանակ չեք համարել անհրաժեշտ։
 
 - Քսաներորդ դարում, թատրոններում լավ սովորույթ կար՝ հրավիրում էինք անվանի արտիստների և միասին ներկայացումներ խաղում: Ինձ բախտ է վիճակվել այդ երևելի արտիստների հետ խաղալ և շրջագայել: Խաղացել եմ Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Դավիթ Մալյանի, Կարպ Խաչվանքյանի, Արմեն Խոստիկյանի և հիշարժան այլոց հետ: Այն ժամանակ շատ երիտասարդ ու անփորձ էի: Չէի գիտակցում, թե ինչպիսի մեծությունների հետ եմ շփվում ու բեմ բարձրանում: Իսկ հիմա կասեմ, որ նրանց հետ բեմում լինելն ինձ համար եղել է բեմարվեստի իսկական դպրոց, որից շատ բան եմ սովորել: Երախտապարտ եմ մեր հզոր արտիստներին, որոնք ինձ պարգևել են անմոռաց օրեր, հաճելի պահեր:
 
- Ձեր հարցազրույցներից մեկում այն միտքն եք հայտնել, որ ամենատպավորիչ դերերը, որոնք կերտել ու հաճույքով եք հիշում, տղաների կերպարներն են։ Ամենևին զուգադիպություն չեմ համարում, որ Վարդուհի Վարդերեսյանը նույն կերպ սիրում ու հուշերում գուրգուրում էր Ջոնիի կերպարը՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմականացման մեջ։ Ո՞րն է  սրա գաղտնիքը…
 
- Ինձ համար միշտ տպավորիչ են եղել տղաների դերերը, քանի որ իմ մուտքը թատրոն սկսվել է տղայի դերով՝ Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդ»-ի Դավիթով: Խաղացել եմ տասից ավելի տղաների դերեր, որոնք ինձ շատ հոգեհարազատ են եղել և տեմպ ու ռիթմ հաղորդել ինձ: Անծանոթները երբեք չեն կասկածել, որ կին եմ: Իսկ ծանոթներից ոմանք կարծում էին՝ տղաս է բեմի վրա: Երբ զգեստափոխվում էի, արագ շարժուձևերով շատ էի նմանվում տղայիս, որն այն ժամանակ 11-12 տարեկան էր: Ինչ վերաբերում է Վարդուհի Վարդերեսյանի խաղացած Ջոնիին՝ անգնահատելի է... Առաջներում հանդիսատեսներից ոմանք ինձ նմանեցնում էին Վարդուհուն: Դեռ շատ երիտասարդ տարիներիս, երբ ուսանում էի Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, մեր գյումրեցի ուսանողներն էին ինձ միշտ նմանեցնում իրենց սիրելի արտիստուհուն, որն այն ժամանակ Լենինականի թատրոնում էր աշխատում: Նրանք ինձ բեմում չէին տեսել, միայն գրաբարի դասերին ասմունքս էին լսել, որով բոլորիս սիրելի Խաչատուր Կանայանը՝ Դրոյի հորեղբոր որդին, սիրում էր սկսել մեր գրաբարի դասերը:
 
- Բոլոր արտիստները, գոնե նրանք, որոնց հետ ես եմ առնչվել, ունեցել են անկատար մնացած երազանք, դեր, որը փափագել են կերտել, բայց չի վիճակվել։ Գևորգ Չեփչյանն ասում էր, որ իր  անկատար երազանքը «Համլետ» խաղալն էր։ Ո՞րն է այն կերպարը, որը ցանկացել եք, բայց չի վիճակվել խաղալ։
 
- Մխիթա՛ր ջան, այնքան բազմատեսակ ու բազմաժանր դերեր եմ խաղացել՝ տարբեր ամպլուաների. է՛լ տրավեստի, է՛լ սուբրետային, դրամատիկ, կատակերգական, ողբերգական, երիտասարդ և հասուն կանանց, փոքրիկ աղջիկների ու տղաների, մայրերի ու ավելի ուշ՝ տատիկների: Ամբողջ կյանքս անցել է թատրոնում, ու չկա այնպիսի դեր, որ ցանկացել եմ խաղալ ու չեմ խաղացել: Այդ առումով ինձ շատ հաջողակ եմ համարում ու երախտապարտ եմ բեմադրող ռեժիսորներին, ովքեր միշտ վստահել են ինձ:
 
- Ո՞վ է այն արվեստագետը, ով իր դերակատարումն է ունեցել Ձեր ճակատագրի՝ այս ուղղությամբ զարգացման գործում։ Ո՞ւմ եք հիշում ամենից հաճախ։
 
- Իմ ճակատագրի այս ուղղությամբ զարգացման գործում իր դերակատարումն է ունեցել արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մարտիրոսյանը, որը թատրոնի շեմին նոր ոտք դրած սկսնակիս, «Դավիթ Կոպպերֆիլդ»-ում վստահեց Դավթի գլխավոր և պատասխանատու դերը: Թատերական ինստիտուտը նոր ավարտած բեմադրիչը, անմնացորդ նվիրումով պարապելով ինձ հետ, կատարելության հասցրեց այդ կերպարը և զարմացրեց ինձ չվստահող արտիստներին: Նման բեմադրիչների պակասություն հիմա շատ է զգացվում:
 
- Այսօրվա թատրոնը որքանո՞վ է տարբերվում խորհրդային թատրոնից մի մարդու համար, ով առիթ է ունեցել աշխատել թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա։ Ի՞նչ է պակասում թատրոնին։
 
- Խորհրդային կարգերի ժամանակ, թատրոնները հսկողության տակ էին: Ոչ մի թատրոն իրավունք չուներ առանց վերադասի հետ համաձայնեցնելու ներկայացումներ բեմադրել: Տվյալ տարվա խաղացանկը թատրոնի գեղարվեստական խորհուրդն ընտրում և ուղարկում էր մշակույթի նախարարության արվեստի բաժին՝ հաստատելու: Երբ բեմադրական աշխատանքներն ավարտվում էին, առաջին օրը սեղմ միջավայրում փակ դիտում էր կազմակերպվում, որը դիտում էին թատերական բաժնից ուղարկված թատերագետներ, արվեստագետներ, թատրոնի գեղարվեստական խորհուրդը, որում  ընդգրկվում էին նաև տեղի մտավորականներից: Եթե ներկայացումը չէին հավանում կամ խորհրդային կարգերին անհարիր որևէ երևույթ էին նկատում՝ արգելում էին հանդիսատեսի դատին հանձնել: Այս ամենի բացասական կողմն այն էր, որ թատրոնն արվեստ է, այն կաշկանդվել չի սիրում, պիտի գործի ազատ, առանց սահմանափակումների: Մյուս կողմից, դրական բան էլ կար այդ ստուգումների մեջ՝  հայտնի թատերական գործիչների, արվեստագետների  այցելությունները մեր թատրոն, վերլուծությունները, դիտողություները, ներդրումներն ու օգտակար խորհուրդները շատ էին նպաստում ներկայացուների որակի բարձրացմանը: Ներկայում մեր թատրոնին պակասում են հմուտ թատերագետների ճիշտ խորհուրդները, քանի որ լավ բեմադրիչների պակաս էլ ունենք. տաղանդները ձգտում են լինել մայրաքաղաքային թատրոններում, իսկ մարզային թատրոնները մնում են բարձիթողի վիճակում:
 
- Դուք շրջապատված եք Ձեզ սիրող ու գնահատող անձանցով, արվեստակիցներով ու արվեստի երկրպագուներով, որոնցից մեկն էլ ես եմ։ Երիտասարդ արվեստակիցները գալի՞ս են ավագի խորհուրդը ստանալու պահանջմունքով։ 
 
- Ես ինձ միշտ շոյված եմ զգացել, որ շրջապատված եմ ինձ սիրող ու գնահատող անձանցով, արվեստի երկրպագուներով, որոնցից մեկն էլ Դուք եք, սիրելի Մխիթար. այդքան երիտասարդ, բայց այդքան պատրաստված ու բանիմաց: Հիացած եմ Ձեր գրած պատմական դրամաներով և մյուս հիանալի գործերով: Ես՝ տարիքս առած և արվեստի բնագավառում երկար տարիներ աշխատած անձնավորությունս, Ձեզ նման խորագետ երիտասարդներից էլ բան ունեմ սովորելու: Իհարկե, երիտասարդ արվեստակիցներն ինձանից՝ որպես ավագի, հաճախ էին խորհուրդներ հարցնում: Դրանք հատկապես թատրոնում նոր ընդունված երիտասարդներն էին: Իսկ Գավառի ավեստի դպրոցում իմ ստեղծած «Բյուրեղիկ» թատերախմբի սաներիցս շատերը, ավարտելուց հետո էլ միշտ կապի մեջ են ինձ հետ, մանավանդ նրանք, ովքեր ընդունվել են թատերական ինստիտուտ և դերասաններ դարձել:
 
- Ի՞նչն է պակասում այսօրվա արվեստագետին թատրոնում, որ իր մատուցածը սպասված լինի, ի՞նչ պետք է անեն կոլեկտիվների ղեկավարները, դերասանները, բեմադրիչները, ինչու ոչ՝ դրամատուրգները….
 
- Այսօրվա արվեստագետին թատրոնում պակասում է իր մասնագիտության մեջ հմտացած բեմադրիչը: Խոսքս հատկապես մարզային թատրոններին է վերաբերում: Ինչպես առաջներում, հիմա էլ կցանկանայի, որ թատրոններն ունենային գլխավոր բեմադրիչ և դրան հարակից հերթական բեմադրիչներ: Որպեսզի մատուցածը սպասված լինի, թատրոնի ղեկավարները, դերասանները, բեմադրիչները, ինչու ոչ, նաև դրամատուրգները, պետք է համագործակցեն:
 
- Կա՞ այսօր քննադատություն։
 
 - Ո՛չ, այսօր չկա քննադատություն, դրա համար էլ ամեն ինչ ինքնահոսի է մատնված: Ով ինչ ուզում՝ բեմադրում է:
 
- Դուք բավարարվա՞ծ եք այն ժամանակաշրջանից, որին պատկանել ու պատկանում եք, եթե հնարավորություն լիներ ընտրելու՝ պատմության ո՞ր շրջանը կընտրեիք և ինչո՞ւ։
 
- Իհարկե, բավարարված եմ, քանի որ այն ժամանակ արվեստը, մշակույթը իրենց ծաղկուն շրջանն էին ապրում: Թատրոնն արժևորվում էր, մարդիկ սիրում ու հարգում էին թատրոնը, թատրոնով էին ապրում: Ես էլ այդ թատրոնի մեջ էի, հետևաբար, ինձ զգում էի սիրված, հարգված և արժևորված: Եթե հնարավորություն լիներ՝ դարձյալ պատմության այդ շրջանը կընտրեի, քանի որ թատրոնը գնահատված էր ամենքի կողմից և իր բարձունքի վրա էր:
 
- Դուք նաև գրական գործիչ եք, գրում եք պիեսներ, մեմուարներ, բանաստեղծություններ… Համատարած են այսօր գրողները։ Երբ ասում եք հայ ժամանակակից գրականություն, ի՞նչ անուններ են գալիս Ձեր մտքին։
 
- Հիանալի հարցադրում է, Մխիթա՛ր ջան: Այո՛, համատարած են այսօր գրողները: Կան ժամանակակից հիանալի գրողներ, բանաստեղծներ, որոնց ստեղծագործությունները հիացմունք են պատճառում ընթերցողին: Արդյո՞ք բոլորն են այդպիսին: Ցավոք՝ ոչ: Հանդիպում ենք այնպիսի բանաստեղծությունների, որ ո՛չ հանգ ունեն, ո՛չ համաչափություն, ո՛չ իմաստ, ո՛չ գեղեցկություն: Ո՞ւմ են պետք այդպիսի բանաստեղծները: Բանաստեղծը պետք է գրի զգացմունքով, բնության տարերքն անգամ զգացմունքով արտահայտի, որ ընթերցողին համակի նույն զգացմունքներով: Դա բավական չէ, նման «բանաստեղծների» գրվածքներում հանդիպում ես անճաշակ ու գռեհիկ, անթույլատրելի, վուլգար բառեր, որ իրենց փոխարեն ինքդ ես ամաչում: Ի հակադիր նման գրողների՝ հայ ժամանակակից գրականության մեջ կան նաև այնպիսի գրողներ, որ յուրաքանչյուր հայ իրավունք ունի պարծենալու: Օրինակ՝ «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Սոֆյա Սարգսյանի պատմվածքները մտքի գեղեցիկ շարադրմամբ, գրված են պատկերավոր ու ընթերցվում են կլանված հետաքրքրությամբ: Հայրենաշունչ ու բոցեղեն բանաստեղծություններ են գրում բանաստեղծուհի Իրինա Արամյանը, երիտասարդ բանաստեղծներ Նարեկ Առաքելյանը, Արգամ Տուֆեցին, Գոռ Պողոսյանը և շատ ուրիշներ... Իսկ Դուք, սիրելի Մխիթար, ամբողջ աշխարհին եք ներկայացնում հայ գրականությունն ու մշակույթը, անգնահատելի դրամատուրգ եք և տպավորիչ բանաստեղծ:
 
- Շնորհակալ եմ, Ձեր կարծիքը պարտավորեցնում է մեզ հաղթահարել նոր նշաձողեր։ Միանշանակ համամիտ եմ Ձեր հնչեցրած անունների հետ։ Նրանք բոլորը ոչ միայն իմ ընկերներն են, այլև գործիչներ, որոնց հետ աշխատանքը հաճելի է ու հեռանկարային։
 
Ըստ իս՝  հայ մշակույթի վերածննդի դարաշրջանը 20-րդ դարն է եղել։ Այդ դարի ուղիղ կեսը Դուք անցկացրել եք մշակութային հասարակության մեջ, եղել դրա բաղկացուցիչ մասը։ Այդ տարիները բարդ էին, վտանգավոր… ուղիղ խոսքը՝ արգելված։ Ի՞նչ տվեց սա մեզ ու ինչի՞ց զրկեց։ Ինչպիսի՞ն կլիներ մեր այսօրը՝ առանց Խորհրդային Միության։
 
- Չի կարելի ժխտել, որ հայ մշակույթի վերածննդի դարաշրջանը 20-րդ դարն է եղել:  Ամենուրեք աշխատանքն իր կարգապահությամբ բարձր հիմքերի վրա էր դրված, նույնը նաև արվեստի բնագավառում: Բայց այդ տարիները բարդ էին, խոսքի ազատությունը՝ սահմանափակ: Իսկ արվեստը պահանջում է զարգացում, շփում այլ արվեստների ու մշակույթների հետ... Խորհրդային Միությունը, այդ առումով, փակ էր պահում մեր դռները: Շփվելով առաջադեմ, զարգացած մշակույթի օջախների հետ, միևնույն ժամանակ պահպանելով մեր ազգայինը, հնարավորություն կունենայինք նորամուծություններ մտցնել և արվեստն ու մշակույթը զարգացման ավելի բարձր աստիճանի հասցնել:
 
- Ինչո՞վ է զբաղվում Բյուրեղիկ Մնեյանն այսօր ու ի՞նչ է անելու մոտ ապագայում։ Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք։
 
- Վաղուց ձեռնարկածս «Տարիներ» հուշագրությունը պիտի ավարտին հասցնեմ, հրատարակության հանձնեմ Հայաստանում և ի վերջո մշտապես միանամ Ամերիկայում բնակություն հաստատած ընտանիքիս: Քանի որ Կալիֆորնիայի հայ գրողների միության, Մշակույթի գործիչների միության և Ձեր ղեկավարությամբ գործող Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի անդամ եմ՝ ուր էլ լինեմ, շարունակելու եմ ստեղծագործել: Ստեղծագործելն իմ կյանքն է, լինի դա թատրոնում, գրականության մեջ, թե այլուր:
 
- Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը։
 
- Կյանքիս կարգախոսն է. ամեն ինչ չափի մեջ:
 
- Շնորհակալ եմ ջերմ զրույցի համար, սիրելի արտիստուհի։ Վստահ եմ, որ մեր այս «զրույցի ունկնդիրները», առավելապես մշակութային ու մշակութասեր երիտասարդությունը, խորհելու առիթներ կունենան, իսկ ես մաղթում եմ, որ ապրեք երկար ու լինեք մեր կողքին, որովհետև Ձեր ներկայությունը զարդարում է մեր կյանքը։
 
Զրուցեց Մխիթար ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆԸ