«‎Մենք կանք․․․»

ՊԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՓՈՔՐ ԲԵՄՈՒՄ

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա «‎Մենք կանք․․․» պարային ներկայացման պրեմիերան։ Մեկ գործողությամբ պլաստիկ ներկայացումը ստեղծվել է Global to Local և Bridge to Armenia կազմակերպությունների համագործակցության շրջանակներում։
 
Ներկայացումը «‎Հաշմանդամությունը ընկալման խնդիր է։ Ինչպես փոխել Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների մասին այդ ընկալումը» նախագծի մի մասն է։
 
Նախագիծը նպատակ ունի փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, աջակցել նրանց եվ նրանց ընտանիքներին, ինչպես նաև վեր հանել կրթության մեջ և համայնքային կյանքում նրանց ներգրավվածության հետ կապված կարևորագույն խնդիրները։ 
 
Ներկայացումից առաջ կցուցադրվի այդ նախագծի շրջանակներում նկարահանված վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «‎Յուրահատուկները»։
Այնուհետև տեղի կունենա քննարկում հանդիսատեսի հետ։ 
Նախագիծը՝ Իրինա Ալեվերտի, սցենարի հեղինակ՝ Էմմա Մանուկյան, բեմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանի։ Խորեոգրաֆներ՝ Արման Ջուլհակյան, Արա Ասատուրյան, մասնակցությամբ՝ «‎Նարեկ» պարային համույթի։