Ավարտվել է Պենդերեցկու անվան փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը Երևանում անցկացրել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը:
 
Փառատոնն ամփոփվել է համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ «Աղոթքներ» խորագիրը կրող երեկոյի ընթացքում տեղի են ունեցել Վալենտին Սիլվեստրովի Իններորդ սիմֆոնիայի և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիայի համաշխարհային պրեմիերաները, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որի նախաձեռնությամբ էլ կայանում է ժամանակակից դասականների փառատոնը, նշել է, որ Քշիշտոֆ Պենդերեցկին առանձնահատուկ է իր երաժշտական աշխարհընկալման և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար։
 
- Վերջին անգամ մաեստրո Պենդերեցկին Հայաստանում էր 2019 թվականին, ցավոք, դա հրաժեշտի այցելություն էր։ Նրա անունը, երաժշտությունն անչափ թանկ ու կարևոր են մեր երկրի համար։ Նրան շատ սիրում էին Հայաստանում ու զգում էին մեծ կոմպոզիտորի կարիքը։ Դա էր նաև պատճառը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մաեստրոն ամեն տարի ժամանում էր Հայաստան»,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ շեշտելով, որ Պենդերեցկին ժամանակակից երաժշտության խորհրդանիշն է, որի շուրջ համախմբվում է երաժշտական աշխարհը։
«Եվ այն երաժշտական լեզուն, ժամանակակից մտածողությունը, որոնք ստեղծել է Մաեստրոն, միավորում է մարդկանց, ու այդ արժեքներն ավելի ուժեղ են դարձնում մեզ։ Մարդիկ պատմության մեջ մնում են ոչ թե նրա համար, որ պարզապես հայտնի են, այլ որովհետև ստեղծում են արժեքներ, առանց որոնց աշխարհն այլևս չի կարող ապրե»,- ընդգծել է Սերգեյ Սմբատյանը։
 
Փառատոնի օրերին Երևանում էր և իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային ներկա էր նաև ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովը, որին այսօր աշխարհն է հետևում, և որն ամենաշատ կատարվող ժամանակակից հեղինակներից է։ Նրա ստեղծագործությունը բնորոշվում է որպես սիմֆոնիա՝ առանց սիմֆոնիզմի, և կոմպոզիտորը խոստովանում է, որ այս գործն ունկնդրելիս զգացողությունն այնպիսին է, թե թերթվում են իր կյանքի էջերը։
Երեկոյի ընթացքում հնչած Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան հեղինակը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։
 
- Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործությունը Հայաստանում կատարվել է առաջին անգամ. «Ե՛վ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, և՛ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, և՛ բարիտոն Ակսել Դավեյանը, և՛ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լավագույնս ներկայացրին ստեղծագործությունը,- համերգից հետո շեշտել է մաեստրոն:
 
Նշենք, որ համերգը բարեգործական էր։ Տոմսերի վաճառքից ստացած միջոցներն ուղղվելու են «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությանը։ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում ապրող շուրջ 100 երեխաներ, այդ թվում՝ Արցախից տեղափոխված, կապահովվեն դպրոցական պարագաներով։