«Տարածաշրջանային համայնապատկեր»-ի բացումն ազդարարվեց «Հինգ երազողները և ձին» ֆիլմով

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի բացումն ազդարարվեց երեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում՝ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «Հինգ երազողները և ձին» ֆիլմի երևանյան պրեմիերայով։
 
«Հինգ երազողները և ձին» ֆիլմը մի շարք երկրների՝ Հայաստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Վրաստանի համարտադրության արդյունք է։ 
 
Երեք հայեր են պատկերված այստեղ, ընդհանուր առմամբ՝ չորս գործող անձ, որոնք ձգտում են կյանքի կոչել իրենց երազանքը: Հիվանդանոցի վերելակավարն ուզում է տիեզերք թռչել, գյուղացի երիտասարդն իր համար կատարյալ կին է փնտրում, իսկ ֆեմինիստ ու միասեռական երիտասարդ աղջիկները պարզապես ուզում են իրենց կյանքով ապրել՝ սպասելով ցույցերին և հույսեր կապելով հեղափոխության հետ:
 
Ֆիլմի պրոդյուսերներն են Վահագն Խաչատրյանը, Էվա Բլոնդոն։ Օպերատորները՝ Վահագն Խաչատրյանը, Արեն Մալաքյանը, Անդրանիկ Սահակյանը։ Հնչյունային ձևավորող՝ Ջոնաթան Դարչ։ Մոնտաժող՝ Ֆեդերիկո Դելպերո Բեխար։ Արտադրությունը՝ Color of may, OOlik production։ 
 
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվում է հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։