«Խաչմերուկներ 2022․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում»

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Մեկնարկում է «Խաչմերուկներ 2022․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» ամենամյա միջազգային փառատոնը։ Այն այս տարի կանցկացվի հուլիսին և սեպտեմբերին։
 
Ամենամյա երաժշտական տոնը կազմակերպում է «Քառորդ Տոն» մշակութային ՀԿ-ն, այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
 
Փառատոնի շրջանակում հուլիսի ընթացքում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի երկու համերգ։ Մասնավորապես, հուլիսի 11-ին, ժամը 19։30 համերգասրահում համերգով հանդես կգա դաշնակահար Լուսինե Խաչիկյանը։ Ծրագրում՝ Ջոն Քեյջի Սոնատներ և ինտերլյուդներ դաշնամուրի համար (հայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունն է։ Հուլիսի 16-ին, ժամը 19։30 համերգով հանդե կգա «Ասոնանս» անսամբլը՝ դիրիժոր Արթուր Ակշելյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններն են։ 
 
Սեպտեմբերին նախատեսվում է ևս երկու համերգ։ 
 
Փառատոնի նպատակը համաշխարհային ժամանակակից դասական երաժշտության տարածումն է Հայաստանում։ Այն Հայաստանում միակ ժամանակակից դասական երաժշտության փառատոնն է, որի ընթացքում հնչում են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ծրագիրը ներառում է մի շարք նոր ստեղծագործությունների պրեմիերաներ։