«Սերդ բնավ ինձ չի լքել»

Մեր հայրենակցուհի Անժելա ԱՍԱՏՐՅԱՆԸ ծնվել ու մեծացել է Երևանում: Ավարտել է Երևանի ֆիզիկամաթեմատիկական միջնակարգ  դպրոցը: 1986-1991 թթ. սովորել է Երևանի ժողտնտեսության իսստիտուտում, այնուհետև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Մասնագիտությամբ տնտեսագետ-հաշվապահ է:
 
Պարբերաբար ստեղծագործել է և տպագրվել տարբեր թերթերում: 2010-ին մեկնել է Ֆրանսիա, ապա Իսպանիա, որի Ռոկետաս դե Մար ծովափնյա քաղաքում էլ 2015-ից բնակվում է որդու հետ՝ կարոտելով Հայաստանը: Այդ կարոտից էլ ծնված բանաստեղծություններից երկուսը ներկայացնում ենք հայ ընթերցողին:
 
ԴԱՐՁԵԼ ԵՄ ԵՍ ՄԻ ԽԱՂԱԼԻՔ
 
Կորցրել եմ ինձ, սիրելիս,
Քանզի դարձյալ քեզ եմ գտել,
Տարիների անջատումից
Սերդ բնավ ինձ չի լքել:
 
Կորցրել եմ ինձ, սիրելիս,
Դարձել անմիտ, անհեռատես, 
Չեմ խրատվել դառը փորձից,
Քեզ եմ փնտրում մի մանկան պես:
 
Կարծում էի հասունացել,
Հոգուս անսանձ սանձել գիտեմ,
Հոգիս ննջած էր, սիրելիս,
Խորհում էի իմ մտքով ես,
Հիմա ահա նիրհից ելել,
Բուռն է արել ինձ գերու պես,
Հալածվում եմ հոգուս կողմից,
Մի խաղալիք լինեմ ասես…
 
 
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ 
 
Իմ հայրենի բարձրիկ լեռներ
ու դաշտերի իմ սեգ սարեր,
Դուք լուսնից եք, արեգակից
 Խորհուրդ հարցնում,
Ամեն անգամ նրանց հետ եք
Մտքեր կիսում
Ու ճիշտ ճամփով եք ընթանում,
Հավերժն է այդ ուղին տանում: 
Հոգուս թռիչքն ու սլացքը,
Հպարտությունն ու կամքը,
Հանդգնությունն ու վարմունքը
Ձեզ պես են իմ բարձրիկ լեռները:
Իմ հայրենի խորունկ ձորեր,
Ձեր խորությամբ իմ մեջ ունեմ
Սիրո չափն ու ցավի չափը,
Արարելու իմ ձգտումը.
Զգայությունն ու մոտեցումը:
Իմ հայրենի կապույտ ծովե՜ր
Ու քաղցրիկ, անուշ ջրե՜ր՝
Հենց ձեզ պես էլ մաքրությունն է
Իմ խենթ հոգու՝ պարզ ու զուլալ,
Շիտակ ու ջինջ և միամի՜տ հավատով միշտ:
Ես ծնվել եմ բնության մեջ
Ոչ միաձև ու մի չափի,
Այլ՝ աննմա՜ն, անկրկնելի՜,
Ու կերտվել եմ հայրենիքիս չափ ու ձևով, 
Տեսքո՜վ, կարգո՜վ:
Ստեղծվել եմ իմ հայրենի
Բնությանը շատ ներդաշնակ:
Իմ այս փոքրիկ, փոքրիկ մարմնում
Արտացոլումն եմ ես գտնում
Չնաշխահիկ մի հի՜ն երկրի՝
Ծովի՜ց-ծով իմ Հայաստանի: