«Մտորումներ»

ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ՊԱՅԾԱՌ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ԳՈՒՅՆԵՐԸ

Կանանց  միամսյակի յուրօրինակ ամփոփումն էր Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնում բացված երիտասարդ նկարչուհի Ամալյա Ալավերդյանի «Մտորումներ» խորագրով ցուցահանդեսը:

Չնայած երիտասարդ տարիքին` Ամալյա Ալավերդյանը կարողացել է կայանալ և իր ուրույն տեղը գրավել արվեստի զարմանահրաշ աշխարհում: Դեռ 4 տարեկան հասակում առաջին անգամ վրձինը ձեռքն առնելով` Ամալյան որոշել էր, որ նկարչուհի է դառնալու:

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հյուրերին ներկայացվեցին Ամալյա Ալավերդյան նկարչուհու անցած  ճանապարհի նշանակալի ձեռքբերումները:

Շնորհավորանքի խոսքեր հղեցին` կենտրոնի փօխտնօրեն Հ. Սահակյանը, մանկավարժներ Ս. Ղևոնդյանը և  Ս. Շահբազյանը: Ներկաներին իր  օրհնությունն էր բերել Տեր Ղազար քահանա Թորոսյանը:

Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնի փոխտնօրեն Հասմիկ Սահակյանի խոսքով` Ամալյան առաջին անհատական ցուցահանդես կազմակերպելու մկրտությունը ստացել է իրենց մոտ, 2006 թվականին.

- Այսօր Ամալյա Ալավերդյան նկարչուհու վրձինն ավելի է հարստացել ու հասունացել: Նրա կտավները բազմաժանր են ու բազմաոճ, կտավների բոցաշունչ, պայծառ ու լուսավոր գույները խոսում են  նկարչուհու կրակոտ խառնավածքի մասին: Նրա ստեղծած արվեստը  նախևառաջ ներդաշնակության ծնունդ է` մարդ-տիեզերք, հոգի-բնություն:

Ասում են` արվեստը  ստեղծվել է խռովելու համար, գիտությունը` խաղաղեցնելու: Սակայն լինում են բացառություններ, ինչպես Ամալյայի դեպքում, քանզի նրա արվեստը հուզում է, բայց ոչ խռովում, այն ներդաշնակության երանգ է հաղորդում  անհատին ու  ամբոխին:

Քանոնահարուհի Տալիթա Միկոյանի դյութիչ նվագի  ներքո հյուրերնը ակնդրեցին կտավները` միաձայն փաստելով, որ  նկարչուհու  յուրաքանչյուր կտավում մի պատառ արև կա:
Ցուցահանդեսի  ավարտին  մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Գարիկ Սուքիասյանը շնորհակալագիր հանձնեց նկարչուհուն` մաղթելով, որ նրա յուրաքանչյուր օրը նոր  միտք ու տող «ծնի» և նրա  վրձնած գեղեցիկով չափվի կյանքը:
                                                                                                              

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ