ՄԱԿ-ն Իսրայելին կանխակա՞լ է վերաբերվում

Իսրայելի փոխարտգործնախարարը խոստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցն օգտագործել, որպեսզի կառույցի ղեկավարությանը հասկացնի, որ «Իսրայելը չի հանդուրժի այնտեղ իր նկատմամբ կանխակալ վերաբերմունքը» (Ցիպի Հոթովելիի հայտարարությունը հրապարակել է «Թայմս օֆ Իսրայել» պարբերականը).

- Մենք փորձում ենք Իսրայելի հանդեպ ՄԱԿ-ի վերաբերմունքում իրական փոփոխությունների հասնել: Ժամանակն է` այդ հարցը սեղանին դնել և լուծել,-ասել է Հոթովելին:

Նրա խոսքերով` սա գիտակցում է նաև Միացյալ Նահանգները, որը փոխել է իր դիրքորոշումը`  հստակ հասկացնելով, որ Իսրայելի հանդեպ կանխակալ վերաբերմունքն այլևս չի հանդուրժի: Իսկ որպես այս ամենի հավելում` Իսրայելի ԱԳ փոխնախարարը սպառնացել է, որ հակառակ պարագայում ՄԱԿ-ը կկորցնի թե՛ Իսրայելի, թե՛ այլ երկրների աջակցությունն ու ֆինանսավորումը: 

Իսրայելին չի գոհացնում նաև Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վիճակը, փոխնախարարը խոստացել է Գուտերեշի այցելության ժամանակ  քննարկումները կենտրոնացնել այդ առաքելության ամրապնդման ուղղությամբ:

- Ակնհայտ է, որ մանդատը պետք է փոխվի,-եզրակացրել է Հոթովելին:

Հայկական իրականությունը լեցուն է մեկնաբանություններով, թե հրեաները մեզնից ինչո՞վ են առավել, թե ինչո՞ւ ընդհանուր գծերով նմանություններ ունենալով` Հայաստան պետությունը չի կարողանում Իսրայելի նման հզոր գործոն դառնալ: Այդ մեկնաբանությունները հաճախ անսկզբունքային և խիստ կողմնակալ են լինում, սակայն այս պարագայում նրանցից սովորելու բան, իրոք, ունենք:

Երբ ՄԱԿ-ը Ադրբեջանի նավթադոլարների և աֆրիկյան գաճաճ (ոչ տարածքով) մուսուլմանական պետությունների հաշվին հակահայկական բանաձևեր է ընդունում, Հայաստանից մեկի մտքով անցնո՞ւմ է ուղղակիորեն սպառնալ: Հայկական առածն ասում է` մինչև երեխան չի լացում, մայրը չի կերակրում: Մենք բերաններս ջուր առած լռում ենք կամ վախվորած ակնարկներ անում լոկ, իսկ Իսրայելը ձայնը գլուխն է գցել միայն նրա համար, որ մտածել է, թե կարող էր ավելի շատ «կերակուր» ստանալ: Ու հիմա մնում է սպասել, թե «մայրը» նրան ի՞նչ «համեղ խորտիկներով» կկերակրի: