Բացահայտում

ԱՅՆ ԿԱՐՈՂ Է «ՄԵԾ ՀԱԿԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋ ԲԵՐԵԼ»

Արբանյակային կապի միջոցներն այսօր ներթափանցում են մոլորակի բոլոր «մութ» անկյունները, և ինչ-որ տարածքում մեծ գաղտնիք թաքցնելն անհնար է դառնում: Եվ ահա գերմանական «Բիլդ»-ի տրամադրության տակ հայտնվել են Սիրիայի հյուսիսում կառուցվող ամերիկյան գաղտնի ռազմաբազայի պատկերները: Այդ խոշոր ռազմաբազան (1,6 մլն քառ. կմ տարածքով) տեղադրված է Այն-էլ-Արաբ քաղաքի մերձակայում (Քոբանիում)՝ Թուրքիայի սահմանից ընդամենը 27 կմ հեռավորությամբ:  
 
Լրատվամիջոցի թղթակից Ռեպկեն նշել է, թե ռազմական այդ հենակետը մի գաղտնիք է, որը ԱՄՆ-ն ու Սիրիան ամենայն խնամքով թաքցնում են, քանի որ այն կարող է «քաղաքական մեծ հակադարձություն առաջ բերել»: ԻՊ-ի դեմ պայքարի «Inherent Resolve» միջազգային առաքելությունը գերմանական լրատվամիջոցի հարցերին հրաժարվել է պատասխանել՝ միայն նշելով, թե այն օգտագործվում է ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով: 
 
Բրիտանական  Henry Jackson Society վերլուծական  կազմակերպության փորձագետ Օրթոնը նման խոշոր ռազմական հենակետի առկայությանը միայն մեկ հավանական բացատրություն է գտել՝ ԱՄՆ-ը ցանկանում է այնտեղ իր երկարատև ներկայությունն ապահովել:  Նրա մեկնաբանությամբ՝ այս հանգամանքը կարող է հարուցել հարևան Թուրքիայի զայրույթը և հակադարձության տեղիք տալ: Չէ՞ որ ռազմական հենակետի տարածքը «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերահսկողության ներքո է գտնվում, իսկ Թուրքիան նրանց համարում է նույնպիսի ահաբեկիչներ, ինչպիսին «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը»:  
 
Ըստ էության՝ ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչը չի ժխտել, որ այդ հենակետը հակաթուրքական ուղղվածություն ունի:  Մուստաֆա Աբդի անունով գործիչը ասել է, թե այն կառուցվել է որպես կանխարգելիչ միջոց՝ եթե Թուրքիան փորձի քուրդ ապստամբների դեմ ռազմական գործողություններ ձեռնարկել: Աբդին շեշտել է, թե ԱՄՆ-ը իրենց դաշնակիցն է: Prime Source ընկերության վերլուծաբան Մայքլ Հորովիցն էլ պնդում է, որ նոր ռազմաբազան կոչված է ամրապնդելու ամերիկյան զորքերի անկախ գործունեությունը տարածաշրջանում: Անկախ՝ նաև Թուրքիայից, որն Ինջիրլիքում ամերիկացիների ներկայությունն օգտագործում է որպես ճնշման միջոց: Այժմ արդեն Ինջիրլիքն ամերիկացիներին հարկավոր չի լինի:  
 
Չմոռանանք՝ տարածաշրջանում անկայունությունը սաստկացնելու գործոն է դարձել քրդական պետության ստեղծման մեծ հավանականությունը: Հայտնի է, որ Թուրքիան կտրուկ դեմ է այդ պետության ստեղծմանը, քանի որ, բոլոր քաղաքագետների գնահատմամբ, դա ճանապարհ է դեպի  Թուրքիայի մասնատում: Իսկ ահա ԱՄՆ-ը դրա  ջերմ կողմնակիցն է: 
 
Թուրքիայի մասնատումը, բնականաբար, մեզ համար նունպես ցանկալի է, սակայն մեր հայրենիքի պատմական հողերի վրա միջազգայնորեն ճանաչվելու հեռանկար ունեցող որևէ վարչական միավորի ծնունդը հաստատապես մեր դեմ է գործելու: (Այստեղ մեզնից շախմատային քայլեր են պահանջվում, սակայն այնպես է ստացվել՝ առայժմ այդ գործում հմուտ ենք միայն խաղատախտակի առջև: Այնինչ ժամանակի սղությունը նույն շախմատում չմտածված գործողությունների է մղում):