Կիսատ ատամ՝ Բաքվին
Ու ԴԱՐՁՅԱԼ՝ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
2016 թ. ռուսական ու հայկական լրատվամիջոցներն անդրադարձան Բաքվում Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալությանը: Թեև Բաքվի իշխանությունները Մարատին մեղադրում էին խոշոր չափով թմրանյութերի ձեռքբերման, տարածման և պահպանման համար, բայց թե՛ նրա քույրը, թե՛ Ադրբեջանի ձեռագրին քաջատեղյակները հասկանում էին, որ գործը շինծու է: Այդ մեղադրանքի հիման վրա Մարատը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
Ռուսաստանի ԱԳՆ-ն թեև հայտարարել էր, որ քայլեր է ձեռնարկում ՌԴ քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, բայց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը Մարատի քրոջը տեղեկացրել էր.
- Հայաստանի և Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում ձեր եղբոր հայկական ծագումն անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը:
Մարատ Ուելդանով-Գալուստյանով խնդիրը չի ավարտվում: Պարզվում է՝ Ադրբեջանը ՌԴ մյուս քաղաքացիների համար ևս խնդիրներ է ստեղծել:
- Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիները իսկապես խտրականության են ենթարկվում ազգային հողի վրա: Շարունակում ենք պահանջել դադարեցնել վրդովեցուցիչ խտրականության փորձը, որը համատեղելի չէ երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ: Բնականաբար, եզրակացություններ կանենք ստեղծված իրավիճակից,- այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Հիշեցնենք, որ տարեսկզբից արգելվել է Ռուսաստանի 25 քաղաքացիների մուտքն Ադրբեջան: Նրանք մի քանի ժամով բերման են ենթարկվել, երբեմն զրկվել ուտելիքից, ջրից, բժշկական օգնությունից, իսկ հետո հետ են ուղարկվել Ռուսաստան՝ հենց իրենց հաշվին: Ընդ որում, որպես պատճառաբանություն նշվել է նրանց հայկական ազգանունը: Սակայն եղել են նաև դեպքեր, երբ ռուսական ազգանունով, անունով և հայրանունով անձանց հարցաքննել են՝ հայկական արմատներ որոնելով նրանց ծագման մեջ:
Փաստորեն խնդիրը եղել է տարեսկզբից, ուրեմն ինչո՞ւ է Մոսկվան այսքան ուշացումով արձագանքում Բաքվի խտրական մոտեցմանը և արհեստական խոչընդոտներին: Թեև Մոսկվան նաև խոստովանում է, որ մի քանի անգամ զգուշացրել է Ադրբեջանին վերջ դնել այդ գործելաոճին, սակայն ապարդյուն: Իսկ ինչո՞ւ են այդ զգուշացումները մինչ օրս գաղտնի պահվել ու միայն հիմա են բարձրաձայնվում:
Տարեսկզբից մինչ օրս քանի՞ քաղաքացի է Բաքու գնալու համար խնդիրներ ունեցել՝ պաշտոնական թվեր դեռ չեն հրապարակվել, բայց հավանաբար խոսքը պատկառելի քանակի մասին է, որ Մոսկվան այսպիսի հայտարարություն է տարածում:
Բաքվի այս մոտեցումը գուցեև պայմանավորված է վերջին շրջանում Ռուսաստանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելու փաստի հետ:
Միջազգային հանրությունը առիթը բաց չի թողնում՝ Ռուսաստանին նախատելու, նրա դեմ տնտեսկան սանկցիաներ կիրառելու: Եվ այդ համատեքստում Ռուսաստանին ձեռնտու է մարդու իրավունքների պաշտպան ներկայանալը. ոլորտ, որտեղ Մոսկվան դեռ անելիքներ ունի: Ու ահա, հավանաբար, կանխատեսելով, որ իր քաղաքացիները կարող են դիմել միջազգային ատյաններին՝ ազատ տեղաշարժի իրավունքը պաշտպանելու և Մոսկվայի անբավարար ջանքերից դժգոհելու, Կրեմլը որոշել է նախահարձակ լինել:
Ի վերջո, այդպիսի ցանկացած քայլ ստվերում է երկրի հեղինակությունը: Չենք կարող բացառել, որ Արցախի խնդրում վերջին օրերի լարվածությունը ևս կարող է Բաքվի ականջները ձգելու ու կիսատ ատամ ցույց տալու առիթ լինել՝ Սիրիայի խնդիրը դեռ հորով-մորով չարած Ռուսաստանի համար:
Հայաստանը լավ գիտի իր հարևաններին, սեփական մաշկի վրա է զգացել նրանց «բարի դրացիության» արյունահամը: Ժամանակն է, որ այդ ամենն իր վրա զգա ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Ռուսաստանը: