Համբուրգն արդեն իսկ պատրաստվում է

ԺԱՄԱՆԵԼՈՒ Է ԷՐԴՈՂԱՆԸ՝ ԻՐ ՎԱՅՐԱԳ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ

Հուլիսի 11-ին գերմանական Համբուրգում Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովն է գումարվելու, իսկ տեղի ոստիկանությունն արդեն սկսել է նախապատրաստվել Թուրքիայի նախագահի թիկնազորի վայրագություններին: 
 
Համբուրգի ոստիկանության պետը հայտարարել է՝ թույլ չեն տալու, որ օտարերկրյա ղեկավարների թիկնազորներն իրենց երկրում անկարգություններ անեն: 
 
- Չենք թողնի, որ Համբուրգում էլ կրկնվեն այնպիսի դեպքեր, ինչպիսիք Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի կողմից Վաշինգտոնում ցուցարարների վրա իրականացված հարձակումն էր,- ասել է ոստիկանապետ Մեյերը: 
 
Թիկնապահները միայն մեկ պարագայում միջամտության իրավունք ունեն՝ եթե իրենց ղեկավարը հարձակման թիրախում է հայտնվել: 
 
Աշխարհի 20 հզորագույն երկրների ղեկավարներին հյուրընկալող քաղաքի անվտանգության համար պատասխանատուն հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները կարող են զենք կրել միայն հատուկ թույլտվությամբ:  
 
Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ Էրդողանի թիկնապահների հաշվեհարդարը, փաստորեն, այնքան էլ էժան չնստեց: Ամերիկյան իշխանությունները, ճիշտ է՝ որոշ հապաղումով, սակայն արձագանքեցին կատարվածին: Ծեծուջարդին մասնակցած այն թուրքերը, ովքեր ԱՄՆ-ում են գտնվել, զրկվել են ազատությունից, իսկ մնացածների նկատմամբ մեղադրանք է հարուցվել:
 
Հիմա արդեն աշխարհի մյուս երկրներում նույնպես գիտեն, թե ի՞նչ է նշանակում գործ ունենալ չափն անցած Էրդողանի ու նրա անվտանգությունն ապահովողների հետ:
 
Գիտեն, այո, սակայն պատվավոր աթոռներ են հատկացնում աշխարհի հզորագույն երկրների շարքում ու նրա հետ քննարկում մարդկության անվտանգության հարցերը: