Բռնեցե՛ք գողին…

Քաղաքական հակառակորդին հաղթելու համար բոլոր միջոցներն էլ ընդունելի են: Մարդկությունն այս միտքը վաղուց այսպես է ձևակերպել՝ նպատակն արդարացնում է միջոցները: Ո՞վ չգիտի, որ ԱՄՆ-ը Ռուսաստանն է համարում իր թիվ 1 թշնամին և ամեն կերպ փորձում է «արջին» տապալել: Ու եթե ձեռքի տակ շատ շոշափելի մեղադրանքներ չկան, կարելի է դրանք նաև հարմարեցնել: Արդեն ինչքան ժամանակ է` սկսել են Ռուսաստանին մեղադրել, թե միջամտում է ամենատարբեր երկրների կարևոր ընտրություններին:

Այս անգամ էլ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է Սենատում հայտարարել, թե Ռուսաստանը միջամտել է Նիդեռլանդներում և Ֆրանսիայում կայացած ընտրություններին:
Ռուսաստանը, իհարկե, սուրբ չէ և իր դեմ դուրս եկած Արևմուտքին չեզոքացնելու նպատակով կարող էր նաև ինչ-որ քայլեր ձեռնարկել: Ու թեև, օրինակ, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ մեղադրանքին ՌԴ նախագահը պատասխանել է, թե իր երկիրը ոչ մի երկրի ընտրություններին չի միջամտել, և ընդհանրապես՝ ԱՄՆ-ի նման հայտատարությունները բավական մերկապարանոց են թվում, սակայն բացառված չէ, որ մեղադրանքի մեջ ճշմարտություն կա:

Բայց նաև որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպես է ԱՄՆ-ը (Արևմուտքն ընդհանրապես) օգտագործում ցանկացած երկրի շատ թե քիչ կարևոր ընտրությունները, որպեսզի դժգոհություն սերմանի, մարդկանց հրապարակներ հանի, «արաբական գարուններ», տարբեր գույների ու ծաղիկների հեղափոխություններ հրահրի և պղտորված ջրերում իր ձուկը որսա: Սա այն դեպքն է, երբ գողություն անողն ամենաբարձրն է ծղրտում՝ բռնեցեք գողին…

Ռուսաստանի ձեռագիրն այս առումով այլ է. նրա միջամտությունը սովորաբար ավելի կոշտ է լինում:

Ի դեպ՝ ԱՄՆ-ի սենատը նույն օրը՝ հունիսի 14-ին, հաստատել է՝ Ռուսաստանի դեմ  նոր պարժամիջոցներ են կիրառվելու: