Ուկրաինա = Ադրբեջան

ՄԵՐՕՐՅԱ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ

Խորհրդային Միության փլուզվելը զարմանալի իրողություններ ի հայտ բերեց: Դրանցից մեկն էլ նախկին «միութենականներ» Ուկրաինայի և Ադրբեջանի նմանությունն ու իրար սատարելն էր: Այն, որ Արցախին առնչվող բոլոր հարցերում մեզ իբրև թե հավատակից Ուկրաինան անվերապահորեն մեր ոսոխի կողմն է պահում, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց որ նաև նրա նման վարքագիծ կդրսևորի, կկապկի նրա պահվածքը՝ երբեմն ուղղակի զավեշտի է հասնում:
 
Այս գարնանը վարքագծի նույնութնունը երևաց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առիթով, երբ Ղրիմ այցելողներին արգելեցին Կիև ոտք դնել: Գոնե մի փոքր ստեղծագործական մոտեցում ցուցաբերեին, Ադրբեջանից մի բանով տարբերվեին: Թե չէ՝ դա ուղղակի կապկելու է նման: Ու քանի որ Ուկրաինայի մեծագույն ուսուցիչը Ադրբեջանն է, նրանից մի նոր դաս էլ է քաղել: Հիմա էլ պատերազմ է սկսել աշխարհում հրատարակվող քարտեզների դեմ, որտեղ Ղրիմը Ռուսաստանի կազմում է նշված: Հար և նման իր հոգևոր եղբայր Ադրբեջանին:  
 
Այսպես, Ղազախստանում Ուկրաինայի դեսպանատունը այդ երկրի ԱԳՆ-ից պահանջել է պարզաբանումներ տրամադրել Astana Art Fest փառատոնում ներկայացված մի քարտեզի առնչությամբ, որտեղ Ուկրաինան պատկերված է առանց Ղրիմի: «Կորեսպոնդենտը» այդ հաղորդագրությունից մեջբերում է արել.
 
- Աստանայի Նուրժոլ պողոտայում, Astana Art Fest փառատոնի շրջանակում, ներկայացված է Ուկրաինայի քարտեզը՝ տարածքային ամբողջականության խախտման նշաններով, իսկ ՌԴ քարտեզը՝ Ուկրաինայի պետական ինքնիշխանության խախտման նշաններով: Ուկրաինական կողմը Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ-ից սպասում է պարզաբանումների և համապատասխան գործողությունների:
 
Ադրբեջանի մեծ բարեկամ Ղազախսանում այդ «սխալն» իսկույն ուղղել են: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը՝ «Թուիթերի» իր էջում գոհունակությամբ ազդարարելով՝ Աստանայում այլևս սխալ քարտեզներ չկան:
 
Երբեմնի եղբայրական երկու երկրների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կռվախնձոր դարձած Ղրիմի հողում ընդամենը քանի՞ հարյուր տարի է, ինչ սլավոններ են ապրում: (Չմոռանանք, որ թաթարներն էլ իրենց հերթին են աչք դրել մոլորակի այդ «համեղ» պատառի վրա): Մեկը չկա հարցնի՝  դուք բոլորդ որտե՞ղ էիք, երբ թերակղզու վրա մշակույթ ու կյանք էր ծաղկում: Այժմ փաստորեն իրավիճակը կարելի է բնորոշել «Գողը գողից գողացավ, Աստված վերից զարմացավ» հայտնի խոսքով: 
 
Միայն պարզ չէ՝ Աստծո համար Ուկրաինայի ադրբեջանակերպ պահվածքը նո՞ւյնպես զարմանալի է…