Սոցցանցային ռեկորդ կամ չկայացած գրողը

Չինաստանի մի անհայտ քաղաքացի իր համար 244 դեմք է հորինել, որոնց անունից  մարդկանց հետ շփվել է չինական հանրահայտ «Zhihu.com» կայքում: Այնտեղ այցելողները կարող են իրար հարցեր ուղղել կամ հարցերի պատասխանել:

Այդ մասին օրերս հաղորդել է «South China Morning Post»-ը, որն էլ տեղեկացրել է, որ կայքի ղեկավարությունը արգելափակել է նրա մուտքն այդ կայք՝ պատճառաբանելով, թե մյուս օգտատերերին մոլորության մեջ է գցել:
Տեղեկության աղբյուրը նշել է, որ տվյալ օգտատերը քննարկումներից մեկի ժամանակ ներկայացել է որպես ութ տարի առաջ արգելված նյութերից հրաժարված թմրամոլ: Այլ դեպքերում հանդես է եկել որպես մենակյաց գործարար, ոստիկան, ձկնորս: Պարբերաբար իր համար հորինել է լոտոսներ աճեցնող ագարակապանի, գյուղական համայնքի ղեկավարի, արհեստավարժ լեռնադահուկորդի կերպարներ:
Լրատվականը գրել է, որ շատ չինացիներ այդ օգտատիրոջը անվանել են երկրի «ամենահետաքրքիր մարդը» և հատուկ հետևել են ցանցում նրա գործողություններին:
Թե սոցցանցի օգտատերերին ինչ է տվել այդ մարդը, դժվար է գնահատել: Սակայն եթե իր վառ երևակայությունն օգտագործեր վեպեր գրելու համար, թերևս հանրահայտ գրող դառնար, եթե իհարկե՝ վիպասանությունը արվեստի հնացած ճյուղ չի համարում: