Ռուսաստան + Ամերիկա՝ ակունք դժբախտության

Սիրիայի ապագան՝ անորոշության մեջ

Անցյալ շաբաթ կարևոր հանդիպում տեղի ունեցավ, որը, ընդհանուր առմամբ տարածաշրջանային քաղաքականության վրա ազդեցություն է ունենալու՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների տեսանկյունից: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել էր Վաշինգտոն ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպելու համար: Մինչ հանդիպումը խոսում էին Սիրիայի խնդրի հանգուցալուծման մասին: Երկու կողմերն էլ, ըստ հայտարարությունների, ցանկանում են հասնել քաղաքացիական պատերազմի ավարտին և նոր կառավարության ձևավորմանը, որն ընդունելի կլինի բոլոր  սիրիացիների համար:
 

Բայց արի ու տես, որ հանդիպման արդյունքները չարդարացրին սպասումները: ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարեց ՌԴ-ի հետ մաքուր էջից հարաբերություն սկսելու մասին, որը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից:

Սակայն   Թիլերսոնը միաժամանակ ակնարկում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները  մաքուր էջից սկսելը հնարավոր չի թվում: Մոսկվան ևս  շահագրգռված է կարգավորել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչի ապացույցը ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունն էր՝ մինչ  Թիլերսոն-Լավրով հանդիպումը: ՌԴ նախագահն ասել է, որ ռուս-ամերիկյան  հարաբերություններն անգամ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի  ղեկավարման ժամանակ  վատ չեն եղել:

Մոսկվան կարծես հույս ուներ, որ ԱՄՆ-ը որոշակի զիջումների կգնա, բայց Թրամփը չի ցանկանում Մոսկվային զիջել աշխարհաքաղաքական լրջագույն հարցերում: Միաժամանակ Վաշինգտոնը հասկացնում է, որ Սիրիայի հարցում ինչ քայլեր էլ ձեռնարկի՝ պատասխանատվությունը  միայնակ է կրելու:  

Թե ինչպես կհանգուցալուծվի ռուս-ամերիկյան  թնջուկը՝ ժամանակը ցույց կտա, բայց ավելորդ չէ հիշեցնել, որ այնտեղ, ուրմտնում է  ռուսի կամ ամերիկացու «սապոգը», այդ երկիրը վերածվում է ավերակների, որոնք կամ չեն վերականգնվում կամ վերականգվում են երկար ու ձիգ տարիների ընթացքում: Հիշենք Աֆղանստանը, Իրաքը, Մերձավոր Արևելյան մի շարք երկրներ, իսկ հիմա նաև Սիրիան:

Ու մինչ այս երկրները  միմյանց ոտք են կոխկրտում՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար, Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված, ժողովուրդն էլ՝ անորոշության մատնված: Իսլամիստ ահաբեկիչներն էլ, նոր տարածքներ նվաճելու  ախորժակով,  ահաբեկչական տիրույթն են մեծացնում: Բանը հասել է նրան, որ նրանք բացահայտ պայքար են հայտարարել Ռուսաստանի դեմ, որն էլ իր հերթին մեր տարածաշրջանում իր ռազմաբազաներն է ուզում   գործի դնել: Չմոռանանք, որ իսլամիստները հաշտ չեն նաև Ադրբեջանի իշխանության հետ: Պատահական չէ, որ  2016 թ-ին հայտարարել էին՝ Ալիևին գահընկեց անելը մի քանի ժամվա հարց է: