Մարմինը խոշորանում է, ուղեղը՝ փոքրանո՞ւմ

Մի քանի հազար տարվա կտրվածքով մարդու արտաքինը թերևս մեծ փոփոխություններ չի կրել, սակայն արդի գիտությունը տվյալներ է ստացել, որի համաձայն ընդամենը հազար տարի հետո փոփոխություններն զգալի կլինեն: Դիտումները նախ ցույց են տվել, որ վերջին 130 տարում մարդիկ սկսել են ավելի  բարձրահասակ դառնալ: Այսպես՝ 1880-ականներին ամերիկացի տղամարդկանց հասակը միջինը 169 սմ է եղել, իսկ մեր օրերում՝ 177 սմ (հայտնել է «Science Insider»-ը):

Սակայն սա չէ ամենակարևոր փոփոխությունը: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդու հիվանդացած և շարքից դուրս եկած օրգանը փոխարինել տարբեր սաքերով, որոնք կբարելավեն տեսողությունը, լսողությունը, առողջական այլ խնդիրներ կլուծեն: Օրինակ է բերվում Օրեգոնի համալսարանի գիտնականների աշխատանքը. նրանք սկսել են տեսողությունից զուրկ մարդկանց համար էլեկտրոնային աչքեր մշակել: Վերափոխվում է նաև մարդու գենը, համարվում նոր կենսապայմաններին: Օքսֆորդի համլսարանի գիտնականների աշխատանքներն էլ հիմք են տալիս հուսալու, որ ապագայի մարդը կկարողանա սեփական գեները վերահսկել, դրանով իսկ որոշակի հիվանդությունների նկատմամբ անընկալունակ դառնալ:

Ցավոք՝ այլ հետազոտություններ էլ հիմք են տալիս ենթադրելու, որ մարդու ուղեղի վերափոխումը բնավ էլ դրական ուղղություն չունի: Այլ կերպ ասած՝ ուղեղի չափսերն սկսել են նվազել, իսկ դա նշանակում է՝ մարդու խելքն է պակասում: Նույնիսկ խոսվում է այն մասին, թե պատմության արշալույսին ապրող մարդը մեր ժամանակներում ապրողներից բազմապատիկ ավելի խելացի է եղել, իսկ այսօրվա հզոր միջոցները չի ստեղծել սոսկ այն պատճառով, որ աշխատող ձեռքերը խիստ սակավ են եղել: Եթե հաշվի առնենք, որ արդի մարդը հաճախ ամենապարզ թվաբանական գործողությունները հաշվիչին է վստահում, որ շատերը հարկ չեն համարում նույնիսկ բազմապատկման աղյուսակը սովորել, ապա ուղեղի հետընթացը բնավ էլ զարմանալի չէ: Չէ՞ որ չբանող խոփը միշտ ժանգոտում է: Այ, եթե կրթության բնագավառների ծրագրեր մշակեին պատասխանատուները այսօրինակ հանգամանքները հաշվի առնելով, գուցե թե վնասը մեծ չլիներ: Այս տեսանկյունից ինչ ասես արժե շախմատի ուսուցումը Հայաստանի դպրոցներում, քանի որ մարզատրամաբանական խաղերը հենց ուղեղը զարգացնելու առաքերություն ունեն:   

Հազար տարի անց մարդու մասին կանխատեսումներ անողները չեն նշում միայն մեկ հանգամանք՝ այդ ժամանակ Երկիր մոլորակի վրա մարդ կլինի՞, թե՞ օրեցօր կատարալեգործվող գերհզոր զենքերը գործի դրված կլինեն, կյանքն ու բանականությունն էլ դրանց հետ հօդս ցնդած կլինի: Կամ էլ, լավագույն դեպքում, մարդը վերադարձած կլինի քարանձավային կյանքին և իր ապրուստն առաջվա նման հայթաթելիս կլինի հավաքչությամբ ու որսորդությամբ:

Հաստատ է մեկ բան՝ եթե մարդկությունն ուշքի չգա ու չսկսի մեր մոլորակին սրտացավ տիրոջ աչքով նայել, գիտնականների հազարամյա կանխագուշակությունները դատարկ խոսքեր կմանան: