Կորչի գլոբալիզացիան, կեցցե՜ «ազգայնականությունը »

ԵՄ-ԻՆ «ԹԱՂԵԼՈՎ»՝ ԾՆԵԼ ՆՈՐ ՄԻԱՎՈՐ

Անգլիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո  Եվրոպական միության համար լավ  ժամանակներ չսկսվեցին: ԵՄ անդամ մյուս երկրները ևս սկսեցին մտածել  կառույցը  արդիականացնելու, իսկ եթե չհաջողի այն լքելու մասին: Անգլիայից հետո հերթը հասել է Ֆրանսիային, որտեղ հիմա նախագահական ընտրությունների շրջանն է: Առաջադրված 2 թեկնածուներն էլ  հայտարարել են, որ ընտրություններից հետո վերանայելու են ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները, իսկ եթե չհաջողի՝ ապա լքել կառույցը:

Սա պատահական հայտարարություն չէ, քանզի   նախագահի աթոռի համար պայքարում են թեկնածուներ՝ այսպես ասած, ազգայնական ուղղվածությամբ ու աշխարհայացքով: Նրանք մերժում են գլոբալիզացիան, խոստանում հաղթել գլոբալիստներին, և թույլ չտալ Բրյուսելին՝ Ֆրանսիայի փոխարեն որոշումներ կայացնել:  Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ այս միտումները թափ առան ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ  հաղթեց դեմոկրատական միօրինակ կաղապարում չտեղավորվող Դոնալդ Թրամփը:

Ֆրանսիայի այս հայտարարությունը մտահոգել է  Եվրոպական միությանը, քանզի  եթե Ֆրանսիան էլ հետևի Անգլիայի օրինակին, ամենայն հավանականությամբ Գերմանիան ևս  հրաժեշտ կտա խոշոր այդ միավորին՝ այսպիսով գերեզման իջեցնելով ԵՄ-ին թելադրող Բրյուսելին:

Արդյո՞ք Ֆրանսիայի  նախագահի թեկնածուները համոզմունքով են  խոսում Ֆրանսիա-ԵՄ հարաբերությունների մասին, և նրանց խոսքերը կարող են իրականություն դառնալ: Չի բացառվում նաև, որ սա ընդամենը նախընտրական հնարք է՝ ԵՄ-ից սպասելիքներ չունեցող քաղաքացիների քվեները ստանալու համար:

Իսկ եթե խոստումներն իրականություն դառնան՝ դրանով նոր ճանապարհ կբացվի ԵԱՏՄ-ի համար, ավելի կոնկրետ՝ կմեծացնի նրա դերը, քանի որ կառույցը ձգտում է լինել կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև: Պատահական չէ, օրինակ, Մոլդովայի վերջերս արած հայտարարությունը ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև կամուրջ դառնալու մասին, որին «Ավանգարդն» անդրադարձել է:

Գերտերությունների այսպիսի հայտարարությունը հիմք է  տալիս ենթադրել, որ լքելով ԵՄ-ի նման դեռևս հեղինակավոր կառույցը՝ խոշոր խաղացողները  գուցե փորձեն ստեղծել իրենց շահերը սպասարկող, նոր մի միավոր:  Այդ պարագայում Հայաստանը կանդամակցի՞ նորաստեղծ կառույցին: Իհարկե, սեփական շահերն առաևնահերթելով՝  պաշտոնական Երևանը երևի կկարողանա նույնիսկ սակարկել՝ փորձելով առավելագույնը ստանալ կա՛մ ԵՏՄ-ից, կա՛մ նոր ձևավորվող  աշխարհաքաղաքական կենտրոնից: Ինչո՞ւ չէ՝ և՛ ԵՏՄ-ից, և՛ նոր ձևավորվող կենտրոնից: