Պեկինն ու Մոսկվան «Արևելյան Անտանտ» են ձևավորում

Ամերիկյան The Hill պարբերականի մեկնաբան Ջեֆ Հոուն ահազանգում է` Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են վերջ դնել ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետությանը և իրենց համար տնտեսական աճ ու անվտանգություն ապահովել: «Մեղավորները», չնայած առկա  հակասություններին, ձևավորում են «Արևելյան Անտանտ», որը կկարողանա դիմակայել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին:

Հոուի կարծիքով` Արևմուտքում համարում են, թե Մոսկվայի և Պեկինի հարաբերություններում բազմաթիվ պատնեշներ կան, որոնք նրանց թույլ չի տալիս ամուր միություն կազմել: Նման գործոններ են, օրինակ, պատմականորեն ձևավորված փոխադարձ թշնամանքը, տարածքային վեճերը, ինչպես նաև մրցակցությունը Կենտրոնական Ասիայում ազդեցություն ձեռք բերելու համար: Սակայն Հոունը զգուշացնում է, որ ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ այդ երկուսի անվստահությունը պայմաններ կստեղծի հաղթահարել այս բոլոր հակասություններն ու փոխշահավետ համաձայնություն կնքել:

The Hill-ի մեկնաբանը հավելել է, թե երկու երկրների միջև համագործակցության գլխավոր առավելությունն այն է, որ նրանցից ոչ մեկը մյուսի համար մահացու վտանգավոր չէ: Իսկ ահա Արևմուտքը սեփական գաղափարախոսությունն ու կարգը առաջ է մղում որպես միակ ճիշտ:

Հոուն նաև հայտարարել է, թե Ռուսաստանն ու Չինաստանը նախկին միապետություններ են, որոնք իրենց համարում են «արևմտյան տերությունների խաղերի զոհեր»: Եվ Արևմուտքի պետություններին կոչ է արել ուշադրություն դարձնել այդ դեռևս թույլ դաշինքին:

- Գուցե արդեն ժամանակն է հարց տալ ոչ թե այն մասին` կարո՞ղ են Մոսկվան ու Պեկինը միություն ստեղծել, այլ ավելի շուտ այն մասին, թե արդյո՞ք այն արդեն գոյություն չունի և որքան կարող է հզորանալ,- եզրափակել է Հոունը:

Մեր մոլորակի վրա տարբեր ժամանակներում եղել են համաշխարհային տիրապետության ձգտող պետություններ ու զորավարներ: Նրանցից շատերը թողել են գուցեև փառավոր անուն, բայցև իսկական աղետ են դարձել թե՛ աշխարհի, թե՛ հենց սեփական ճակատագրի գլխին:  Համաշխարհային տիրապետությունը չի ստացվել, բայց ցավոք` մարմաջ է դարձել սին փառքի ու անսահմանափակ իշխանության ձգտող մարդուկների համար: