Փարիզի համաձայնագիրն անբավարար է, բայց նույնիսկ այդքանը երկրները չեն կատարում

Մոլորակի եղանակային պայմանների փոփոխության վերաբերյալ 2015թ. դեկտեմբերին Փարիզում ստորագրված համաձայնագիրը ամենևին բավարար չէ՝ դրա առջև դրված խնդիրները կատարելու համար: Մինչդեռ նույնիսկ դրանով ստանձնած պարտավորությունները երկրները չեն կատարում: Այս մասին դեկտեմբերի 4-ին լեհական Կատովիցե քաղաքում խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
 
Լեհաստանի հարավային այս քաղաքում տեղի է ունեցել  Եղանակային պայմանների փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի 24-րդ համաժողովը, որտեղ էլ ելույթ է ունեցել միջազգային կառույցի ղեկավարը: 
 
- Մենք տեսնում ենք, որ տեղերում իրավիճակները վատանում են կանխատեսվածից արագ,- ահազանգել է Գուտերեշը: 
 
Նրա խոսքով՝ պարտավորությունները, որոնք ստանձնել են երկրները, բավարար չեն եղել մոլորակի բնապահպանական իրավիճակը լավացնելու համար ու առանձնապես շեշտել է, որ նույնիսկ դրանք չեն կատարվում:
 
- Աշխարհի երկրների մեծ մասն անգամ Փարիզում ստանձնած պարտավորությունների մակարդակին չեն բարձրանում,- ասել է գլխավոր քարտուղարը: 
 
Միայն թե Գուտերեշը վիճակը հուսահատական չի համարում:
 
- Ես վճռականապես կոչ եմ անում բոլոր այստեղ ներկաներին: Մի՛ հանձնվեք, օգտագործեք բոլոր հնարավորությունները ոչ միայն  բարեփոխումներ անելու համար, այլև ճնշում գործադրելու ձեր կառավարությունների վրա, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտավորությունները, գործեն ի շահ եղանակային պայմանների, որպեսզի 2020թ. մենք դիմավորենք ուրիշ որակով,- իր ելույթը եզրափակել է բանախոսը: 
 
Տվյալ համաժողովի մասնակիցների հիմնական նպատակն է քննարկել Փարիզյան համաձայնագրի բանաձևերի իրականացման ուղիները: 
 
Եղանակային պայմանների վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը առաջին համամոլորակային փաստաթուղթն է, որը 2015թ. դեկտեմբերին ստորագրել են աշխարհի 194 երկրներ: Համաձայնագիրն ստորագրած ՄԱԿ-ի անդամ 96 երկրներից մեկն էլ Հայաստանն է:
 
Համաձայնագիրը համաշխարհային ծրագիր է՝ ուղղված զսպելու համընդհանուր տաքացումը: Այն չի ենթադրում հրաժարվել հանածո վառելիքից և սահմանափակել ածխաթթու գազի արտանետումները, բայց ստորագրած բոլոր երկրներին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել արտանետումները քչացնելու, տեխնիկական վերազինման և եղանակային պայմաններին հարմարվելու ուղղությամբ: 
 
Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի իշխանութան գալուց ընդամենը կես տարի անց (2017թ. հունիսին) այս մեծ ու հզոր պետությունը Փարիզի համաձայնագրից հետ վերցրեց իր ստորագրությունը: Պատճառաբանությունը՝ թե այն խոչըդոտում է ԱՄՆ-ի տնտեսության թռիչքային զարգացմանը: Միայն թե անհասկանալի է՝ այդ որտեղ է թռիչք ապրելու Միացյալ Նահանգների տնտեսությունը, եթե մեր մոլորակի վրա ապրելը դառնա անհնար: Վերջին տարիներին բնական խոշորածավալ աղետների մասին հաղորդագրություններում առավելապես իշխում է Միացյալ Նահանգների անունը: Հենց միայն կանանց անուններով կոչվող փոթորիկները ինչքա՜ն կյանքեր են խլել: