Հարավային Կորեայում կողմ են, որ ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցները վերանան

Հարավային կորեացիների երկու երրորդը կողմ է, որ իրենց հյուսիսային եղբայրների նկատմամբ պատժամիջոցները վերացվեն: Դա է ցույց տցվել 1000 հոգու շրջանում անցկացված հարցումը, որը լրատվամիջոցներում հրապարակվել է նոյեմբերի 28-ին: Այն նախաձեռնել է Կորեայի ժողովրդավարական և խաղաղ միավորման գծով հարավկորեական Ազգային խորհրդատվական մարմինը:
 
Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ հարցվածների 64%-ը անհրաժեշտ է համարում մեղմել պատժամիջացները, որպեսզի նպաստեն ԿԺԴՀ-ի միջուկազերծմանը: Իսկ ահա 32%-ը դեմ է հանդես եկել: Դրանից բացի, հարցման մասնակիցների 61%-ը դրական է գնահատել երկու երկրների միջև ռազմական լարվածությունը մեղմելու նախաձեռնությունը: Նրանց կարծիքվ՝ դա կօգնի վերականգնել փոխադարձ վստահությունը և բացառել նոր հակամարտության ի հայտ գալը թերակղզում: Դրան համամիտ չէ 34,9% -ը:
 
Հարցվածների կեսից ավելին (55,3%) դրական է գնահատել սեպտեմբերին Փհենյանում երկու երկրների նախագահների՝ Կիմ Չեն Ընի և Մուն Չժե Ինի հանդիպումից հետո միջկորեական հարաբերությունների բարելավումը: Հակառակ կարծիքի է 41,4%-ը.
Հարցվածների 60,1%-ը այն կարծիքին է, որ  ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի պատասխան այցը Սեուլ կնպաստի կայուն խաղաղության հաստատմանը և Կորեական թերակղզու միջուկազերծմանը: Հարցման մասնակիցների կեսից ավելին հավանական է համարում, որ Հյուսիսային Կորեայի վարչակազմը կբարեփոխվի և առավել բաց կդառնա:  
 
Թվում էր՝ հոր մահից հետո ԿԺԴՀ իշխանությունը ստանձնելով՝ Կիմ Չեն Ընն անզիջում առաջ է տանելու նրա ուղեգիծը և շարունակելու է թշնամանքը Հարավային Կորեայի հանդեպ: Բարեբախտաբար՝ 2018թ. երկու երկրների հարաբերությունների մեջ շատ բան փոխվեց: Բայց երևում է՝ Հարավայի Կորեայի բնակիչների զգալի մասը դեռևս չի վստահում իրենցից պոկված ու առանձին դրոշ բարձրացրած հյուսիսկորեացի առաջնորդներին:
 
Բնականաբար՝ դրսի ուժերը նույնպես շահագրգռված չեն, որ Կորեական թերակղզում կատարյալ միասնություն հաստատվի: Բայց ինչ էլ լինի՝ «արյունը ջուր չի դառնում», դրա համար էլ Հարավային Կորեայի բնակչության մեծ մասը, եթե հիմք ընդունենք հարցման արդյունքները, ցանկանում է թեթևացնել իրենց հյուսիսային եղբայրների վիճակը: