Եվրապատգամավորները Մերկելին կոչ են արել հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ից

Եվրախորհրդարանի 750 պատգամավորից մոտ 100-ը բաց նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ նրան կոչ  անելով  հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունից: Հարյուրյակը համալրվել է բնապահպան, աջակենտրոն, սոցիալիստ և ազատական-ժողովրդավար պատգամավորներից:
 
- Մենք ձեզ խնդրում ենք, տիկի՛ն կանցլեր, որ ձեր կառավարությունը վերանայի և փոխի իր քաղաքականությունը «Հյուսիսային–հոսք-2»-ի նկատմամբ,- ասված է նամակում:
 
Ուղերձում պնդում կա, որ Գերմանիայի դիրքորոշումը հակասում է այդ երկրի գործընկերների շահերին և «Ռուսաստանին ընձեռում է ԵՄ-ի վրա ներգործելու լրացուցիչ ռազմավարական լծակներ, քանի որ այդ նախագիծը մեծացնում է ԵՄ կախվածությունը Ռուսաստանից»:
 
Հիշեցնենք, որ «Հյուսիսասյին-հոսք-2» նախագիծը ենթադրում է երկու հունով տարեկան 55 մլրդ խմ ընդհանուր հզորությամբ գազը ռուսական ափից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա հասցնել: Նոր գազատարն անցնելու է Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի և Գերմանիայի տարածքային կամ բացառապես տնտեսական գոտիներով: Նշված երկրներից միայն Դանիան է, որը դեռևս շինարարության թույլտվություն չի տվել: 
 
Բայց «Հյուսիսային հոսք-2»-ը նաև ոչ պակաս թվով հակառակորդներ ունի: Գազամուղի անցկացման դեմ հանդես է գալիս, մասնավորապես, Ուկրաինան, որը վախենում է կորցնել ռուսական գազի տարանցումից ստացվող շահույթը: Դրան դեմ է Միացյալ Նահանգները, որն իր գազը Եվրոպա արտահանելու հեռագնա ծրագրեր ունի: Իսկ ահա Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի առաջնորդները այդ նախագիծն անվանել են քաղաքական դրդապարտճառներ ունեցող: Մոսկվան, իր հերթին, ամեն կերպ փորձում է ցրել քաղաքական նպատակների վերաբերյալ կարծիքները և բազմիցս հայտարարել է, թե «Հյուսիսային հոսք -2»-ը բացառապես տնտեսական նախագիծ է: 
 
Թե ինչպես կլուծեն իրենց վեճը Ռուսաստանն ու Արևմուտքը՝ կարծես թե մեզ համար այնքան էլ կարևոր չէ (չհաշված այն հանգամանքը, որ ամենուր բազմաթիվ հայեր են բնակվում, որոնց կենցաղի, գործունեության վրա դա կարող է որոշակի հետևանքներ ունենալ):
 
Մեզ ավելի շատ այս պարագայում հետաքրքրել կարող է եվրապատգամավորների պահվածքը: Որտե՞ղ էին այդ բնապահպաններն ու ազատականները, երբ «ադրբեջանական լվացքատնով» նաև ԵԽ-ում տխրահռչակված Ադրբեջանը, իր հովանավոր Թուրքիայի և այլևայլ երկրների հետ համագործակցելով, հաջողությամբ Հայաստանը դուրս էր թողնում բոլոր նման նախագծերից: Այն Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք շրջափակել են Հայաստանն ու անթաքույց փորձում են կործանել: Միայն թե դժվար ԵԽ մնացած 650 պատգամավորից գոնե մեկը լինի, որ նամակագիր 100-ին դա հիշեցնի: