Անկանխատեսելիությունը մեր օրերի մեծագույն մարտահրավերն է

Մոլորակի խաղաղությունը թերևս ամենաանհրաժեշտը, բայց և ամենավտանգվածն է: Բոլորը խոսում են պատերազմների հավանականության և դրանցից խուսափելու անհրաժեշտության մասին: Դրանց մասին խոսում են նաև մոլորակի ամենախոշոր ու ամենահզոր ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի պատասխանատուները:
 
Աշխարհի համարյա կեսը իր ազդեցության ոլորտի մեջ առած դաշինքի ղեկավարը նոյեմբերի 6-ին գերմանական թերթին տված հարցազրույցում ասել է, թե մոլորակի վրա խաղաղության պահպանմանն սպառնացող ամենավտանգավոր գործոնը անկանխատեսելությունն է: 
 
- Այսօրվա օրով ամենամեծ վտանգը անկանխատեսելիությունն է: Ի տարբերություն սառը պատերազմի իրավիճակի՝ մենք չենք կարող կենտրոնանալ վտանգի մեկ կետի վրա: Այն ժամանակ դա Խորհրդային Միությունն էր և Վարշավայի պայմանագիրը: Լարվածությունը շատ բարձր էր, սակայն իրավիճակը կանխատեսելի էր: Արդի ժամանակում մենք բախվում ենք մարտահրավերների շատ ավելի մեծ համալիրի,- Neue Osnabrucker Zeitung  թերթին իր կարծիքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
 
Սթոլթենբերգը սպառվալիքների թվում առանձնացրել է քիբերհարձակումները, ահաբեկչությունը, քիմիական գրոհներըը, ինչպես նաև ապատեղեկատվությունը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավորը նաև ընդգծել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը: 
 
- Երկխոսությունը ոչ թե թուլության, այլ ուժի նշան է,- վախկոտի պիտակից իրեն ու իր ղեկավարած դաշինքին ապահովագրել է Սթոլթենբերգը: 
 
Միայն թե, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Ռուսաստանից է կախված, թե ինչպես կզարգանան հարաբերություններն այդ երկրի և Հյուսիսատլանտյան դաշիքնի միջև: Սա թերևս երկու բան կարող է նշանակել՝ կամ Ռուսաստանը պետք է անվերապահ հայտարարի իր լիակատար պարտության մասին և լիովին ապավինի հաղթողի կամքին, կամ Արևմուտքի ու Արևելքի այս պատերազմում ամեն մեկը պետք է չափավորի իր ծավալապաշտությունն ու սկսի հարգել ոչ միայն մյուսի, այլև աշխարհի մնացած մասի իրավունքներն ու զարգացման ուղիները: Ցանկալին, բնականաբար այս վերջինն է, բայց եթե սա տեղի չունենա, ուրեմն անկանխատեսելի կմնա ոչ միայն այս ամենի վերջը, այլև մոլորակի գոյության հարցն ընդհանրապես: