Ռադայի պատգամավորների դիպուկ բնորոշումները

ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ԳԱԶՆ ԱՆՋԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ»

Ինչպես կարող է «զգալ» հետխորհրդային մի երկիր արդի աշխարհում: Ուկրաինական խորհրդարանի պատգամավորի բնորոշումը շատ դիպուկ է ստացվել: Ռադայի պատգամավոր Բերյոզան Ուկրաինան համեմատել է ակվարիումի ձկան հետ՝ հանդես գալով է NewsOne-ի եթերում:
 
 
Բերյոզայի խոսքով՝ Ուկրաինայի նպատակները վաղվանից այնկողմ չեն անցնում: Պատգամավորն իր պետությունը համեմատել է Չինաստանի հետ, որտեղ մարդիկ ծրագրեր են կազմում մի քանի տասնամյակի համար: Միացյալ Նահանգների հետ համեմատությունը նույնպես Ուկրաինայի օգտին չէ. Բերյոզան շեշտել է, որ այնտեղ իշխանության եկող ամեն նոր նախագահ շարունակում է նախկինի ռազմավարությունը. 
 
- Վերջին 27 տարում տիրողը ակվարիումային ձկան սկզբունքն է՝ ապրում ենք այսօրվա օրով:
 
Երկրում ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու համար Բերյոզան անհրաժեշտ է համարել  հասարակական պայմանագրի առկայությունը: 
 
Իսկ ավելի վաղ մեկ այլ պատգամավոր՝ Ալեքսանդր Վիլկուլը, «112 Ուկրաինա»-ի եթերում պարտքի դիմաց գազն անջատելու վերաբերյալ «Նավթագազին» տված թույլտվությունն անվանել է «սպանության արտոնագիր»: Բնականաբար՝ 0 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում դա կարող է իրոք կործանարար լինել շատ ընտանիքների, թերևս նաև կրթական, բժշկական և այլ կարգի հաստատությունների համար: Ձմեռվա շեմին նման թույլտվությունը, չի բացառվում, հետագայում համեմատվի 30-ական թթ. ստալինյան գործելակերպի հետ, երբ, ըստ ԽՍՀՄ փլուզումից հետո գաղտնազերծված փաստերի, հացառատ Ուկրաինայում մարդիկ ուղղակի սովամահ են եղել:   
 
Այն հանգամանքը, որ այս իրավիճակում Ուկրաինա է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և հանդիպել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, դժվար թե այնտեղ իրավիճակ փոխի: Մեծ երկրների ղեկավարները ցանկացած այլ պետությունում սեփական շահն են հետապնդում: ԽՍՀՄ-ից անջատված պետությունների մի մասն իրոք կարծես միայն այսօրվա օրով է ապրում, և Հայաստանն այս դեպքում բացառություն չէ: Մենք փորձում ենք ընդամենը մի կերպ պահել մաքառումների գնով մեր ձեռքին մնացած հայրենիքի պատառիկները՝ մոռանալով մեր կորուսյալ հայրենիքն ու անտեսելով աշխարհի զարգացած պետություններից մեկը դառնալու մեր ներուժը: