ԵՄ-ից դուրս գալու համար Մեծ Բրիտանիան ստիպված է մինչև $47,5 մլրդ դոլար վճարել

Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս կգա ֆինանսական նկատելի կորուստներով:
 
Եթե նրա բազմազգ քաղաքացիների ցանկությունը դա էր, գուցե այնտեղ ավելի բարձր են գնահատում եվրակառույցների պարտադրանքից զերծ հասարակական կյանք վարելը, քան թե իրենց ապրելակերպն ու օրենքները նրա համահարթեցնող դրույթներին հարմարեցնելը: Թեև եթե խոր մտածենք, Եվրակառույցների բնութագրիչները տասնամյակների ընթացքում ձևավորվել են նաև Մեծ Բրիտանիայի թելադրանքով:
 
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելքի ընթացքը մեկ-մեկ փակուղու է դեմ առնում, որից Միացյալ Թագավորության բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են նոր դռներ բացել: Այժմ պարզ է դարձել, որ Եվրոպական Միությանն «ապահարզան տալը» Մեծ Բրիտանիայի գանձարանին 47,5 միլիարդ դոլարի վնաս կբերի: Հնարավոր որոշակի քայլերը հնարավորություն կտան խնայել ամենաշատը 11,9 մլրդ դոլար: Այս հարցին անդրադարձել է  Telegraph-ը: 
 
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը երեքշաբթի կայացած կառավարության նիստում ասել է, որ եթե պետությունը ԵՄ-ից դուրս գա առանց առևտրային գործարքի, կխնայի ընդամենը 3-9 մլրդ եվրո (որ հավասար է հավասար է 4-11,9 մլրդ դոլարի: 
 
Կառավարության նիստի մասնակիցներից մեկը, հղում անելով ֆինանսների նախարարին, ասել է.
 
- Ֆինանսների նախարարության իրավական խորհրդատվությունն այն է եղել, որ եթե մենք ԵՄ-ից առանց գործարքի դուրս գանք, միևնույն է, հարկադրված ենք լինելու նրան վճարել 30-36 մլրդ եվրո (40 - 47,5 մլրդ դոլար), քանի որ դժվար թե կարողանանք շահել որևէ գործ, որը կուղարկվի միջազգային իրավարար դատարան:
 
Իսկ Եվրամիությունը երևի չի վարանի այդ քայլին դիմել: Համենայնդեպս, Բրյուսելը անհնարին չի համարում, որ Մեծ Բրիտանիան համաեվրոպական կառույցի կազմից դուրս գա առանց գործարքի և առանց իր հետ համաձայնության գալու: Հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում ընթանում է Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովը: Պետությունների գլխավորներին ուղղված հրավերքի գրության մեջ եվրահանձնակատար Դոնալդ Տուսկը նշել է, թե այժմ ավելի, քան երբևէ մեծ է հավանականությունը, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա առանց փոխադարձ համաձայնության հասնելու: